Գաբրիել Ղազարյանը շնորհավորել է Ալբերտ Ազարյանի ծննդյան 90-րդ տարեդարձը

13:17   11 փետրվարի, 2019

Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի առաջնությունների քառակի ու Երոպայի կրկնակի չեմպիոն, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Ազարյանը փետրվարի 11-ին նշում է ծննդյան 90-րդ տարեդարձը:

Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ-նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել լեգենդար մարզիկի ծննդյան օրվա առթիվ:

«Մեծարգո պարոն Ազարյան, սիրելի վարպետ, հայկական սպորտի և օլիմպիական շարժման դեռևս չգերազանցված լեգենդ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 90-ամյակի կապակցությամբ:

Դուք համաշխարհային սպորտի այն մեծություններից եք, որը ոչ միայն ծանրակշիռ ավանդ և հսկայական վաստակ ունի մարմնամարզության զարգացման գործում, այլև միջազգային ճանաչման նոր մակարդակի է հասցրել հայկական սպորտը:

Դուք մարզիկի, մարզիչի, ֆեդերացիայի նախագահի և ուղղակի՝ սպորտի նվիրյալի լավագույն օրինակ եք, որին ձգտելու են նմանվել դեռ շատ ու շատ սերունդներ, սերունդներ, որոնց համար «ազարյանական խաչը» լինելու է մարզական ձեռքբերումների նշաձող:

Սիրելի պարոն Ազարյան, ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ՝ 90-ամյա հոբելյանի առթիվ: Համոզված եմ, որ այսուհետ ևս շարունակելու եք ապրել և աշխատել Ձեզ հատուկ երիտասարդական ավյունով: Մաղթում եմ առողջություն, անսահման եռանդ և երկար տարիների կյանք»,- ֆեյսբուքյան էջում գրել է Գաբրիել Ղազարյանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։