«Չելսին» խայտառակվեց Մանչեսթերում (տեսանյութ)

21:51   10 փետրվարի, 2019

Լոնդոնի «Չելսին» խայտառակ պարտություն կրեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 26-րդ տուրի կենտրոնական խաղում, որն ավարտվեց սենսացիոն 6:0 հաշվով (տեսանյութ):

Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը չափազանց վստահ սկսեց խաղը եւ գոլեր էր խփում մեկը մյուսի հետեւից: 25-րդ րոպեին հաշիվն արդեն 4:0 էր՝ հօգուտ «Մանչեսթեր Սիթիի»: Առաջին խաղակեսի երկրորդ հատվածում մանչեսթերցիները նվազեցրին ճնշումը, իսկ «Չելսին» ստացավ տարածքային առավելություն, որը գոլի վերածել չէր հաջողվում: Երկրորդ խաղակեսում եւս լոնդոնյան ակումբի գրոհները չէին հասնում իրենց նպատակին, իսկ դաշտի տերերը խփեցին եւս 2 գոլ:

«Մանչեսթեր Սիթիից» հեթ-տրիկի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն, իսկ անգլիացի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը դուբլ ձեւակերպեց: Եվս մեկ գոլ խփեց գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը:

Սերխիո Ագուերոն 17 գոլով հավասարվեց Պրեմյեր լիգայի ռմբարկուների ցուցակը գլխավորող Մոհամեդ Սալահին («Լիվերպուլ»):

1992-ին հիմնադրված Պրեմյեր լիգայում «Չելսին» առաջին անգամ բաց թողեց 6 գոլ: Բացի այդ, մինչեւ այս լոնդոնյան ակումբի ամենախոշոր հաշվով պարտությունը եղել էր 4 գոլի տարբերությամբ:

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 65 միավոր եւ հավասարվեց առաջատար «Լիվերպուլին», որից մեկ հանդիպում ավելի է անցկացրել: Խփած եւ բաց թողած գոլերի ցուցանիշով մանչեսթերցիներն առաջին տեղում են: «Չելսին» ունի 50 միավոր եւ «Արսենալի» հետ բաժանում է 5-6-րդ տեղերը:

Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Չելսի»՝ 6:0

Ռահիմ Ստերլինգ, 4, 80, Սերխիո Ագուերո, 13, 19, 56 (11մ), Իլկայ Գյունդոգան, 25



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։