Ֆրանսիական ակումբները կհարգեն Սալայի հիշատակը, «Նանտը» շրջանառությունից հանել է նրա խաղային համարը

17:41   8 փետրվարի, 2019

Ֆրանսիական «Լիգա-1»-ը կհարգի «Նանտի» նախկին հարձակվող Էմիլիանո Սալայի հիշատակը:

Առաջիկա հանգստյան օրերին Ֆրանսիայի առաջնության ու «Լիգա-2»-ի բոլոր խաղերից առաջ մեկ րոպե ծափահարություններ կհնչեն արգենտինացի ֆուտբոլիստի պատվին:

«Նանտն» էլ իր հերթին շրջանառությունից հանել է 9 համարի մարզաշապիկը, որով հանդես էր գալիս Էմիլիանո Սալան, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին հայտնի էր դարձել, որ Լա Մանշ նեղուցում ստորջրյա որոնողական գործողությունների արդյունքում հայտնաբերված դին Էմիլիանո Սալայինն է:

Անգլիայի Պրեմյեր լիգայում հանդես եկող «Կարդիֆ Սիթիի» նորեկին տեղափոխած ինքնաթիռը հունվարի 21-ին անհետացել էր Ֆրանսիայի Նանտ քաղաքից Ուելսի մայրաքաղաք Կարդիֆ ուղեւորվելիս: Ինքնաթիռը նախատեսված վայրեջքից մեկ ժամ առաջ ռադարների էկրանից անհետացել էր Լա Մանշի ջրերի վրա: Piper Malibu թեթեւ ինքնաթիռում Սալայից բացի եղել էր միայն օդաչու Դեւիդ Իբոտսոնը:

28-ամյա ֆուտբոլիստն Ուելս էր մեկնել նույն ինքնաթիռով, որով դրանից օրեր առաջ Ֆրանսիա էր վերադարձել «Կարդիֆ Սիթիի» հետ պայմանագիր կնքելուց հետո: Օրեր առաջ հրապարկվել էին նաեւ ինքնաթիռի բեկորների կադրեր ծովի հատակից:

Ուելսյան ակումբը 20,5 միլիոն եվրոյով էր գնել Էմիլիանո Սալային, որը 2015 թվականից հանդես էր գալիս ֆրանսիական «Նանտում»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։