Դենիս Թումասյանը տեղափոխվեց «Ալաշկերտ» եւ հույս ունի հրավիրվել Հայաստանի հավաքական

17:10   27 հունվարի, 2019

«Ալաշկերտի» կազմը համալրել է ռուսաստանցի կենտրոնական պաշտպան Դենիս Թումասյանը, հաղորդում է ակումբի կայքը:

Հայաստանի ազգային հավաքականի թեկնածուի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020 թվականի օգոստոսը:

«Արդեն անցկացրել եմ առաջին մարզումն «Ալաշկերտի» կազմում: Տպավորությունները դրական են: Հավանեցի մարզումային գործընթացը, ամեն ինչ բարձր մակարդակի վրա է:

«Ուֆայի» հեռանալուց հետո մի շարք առաջարկներ ունեի ռուսական եւ հայկական ակումբներից: Սակայն, ակումբի փոխնախագահ Կիմ Առաքելյանի համառության եւ հիանալի աշխատանքի արդյունքում ես ընտրեցի «Ալաշկերտը»: Կարելի է ասել, որ ստացա առաջարկ, որից չէի կարող հրաժարվել:

Գիտեմ, որ «Ալաշկերտը» Հայաստանի նախորդ երեք առաջնությունների չեմպիոնն է: Իմ նպատակը թիմի հետ հերթական չեմպիոնական տիտղոսն ու եվրոպական ակումբային մրցաշարերից մեկի խմբային փուլի ուղեգիր նվաճելն է:

Հայաստանի առաջնությունում խաղում են իմ ընկերները: Բոլորը միաձայն նշում են, որ մրցաշարի մակարդակը զգալիորեն բարձրացել է: Հաղթանակի համար պետք է անմնացորդ նվիրվել յուրաքանչյուր խաղում:

Իհարկե, շատ եմ ցանկանում հրավեր ստանալ Հայաստանի հավաքականից: Պատրաստովում եմ ցուցադրել հնարավորություններիս առավելագույնը` ազգային թիմից հրավերի արժանանալու համար»,- «Ալաշկերտի» մամուլի ծառայության հետ զրույցում նշել է Թումասյանը:

Հիշեցնենք, որ Դենիս Թումասյանը «Ալաշկերտ» է տեղափոխվել Ռուսաստանի Պրեմյեր լիգայում հանդես եկող «Ուֆայից»: Կարիերայի ընթացքում 33-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել նաեւ Ֆինլանդիայի «Յարոյում», ռուսական ԲՄԱ-ում, «Տորպեդոյում» եւ «Ուրալում»:

Թումասյանն արդեն միացել է «Ալաշկերտին», որն այս օրերին հավաք է անցկացնում Անթալիայում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։