22:20 26 հունվարի, 2019Բոլոր նախադրյալները կան Աշոցքը միջազգային դահուկային սպորտի կենտրոն դարձնելու եւ տուրիզմն այստեղ զարգացնելու համար: Մեր համայնքում դահուկավազքը լավ հիմքերի վրա է դրված:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի առաջատար դահուկորդ, երկու ձմեռային Օլիմպիական խաղերի՝ Վանկուվեր-2010 եւ Սոչի-2014 մասնակից Սերգեյ Միքայելյանը, ով այս շրջանում վնասվածքների ապաքինման փուլում է եւ մրցաշարերի չի մասնակցում:
Սերգեյ Միքայելյանը ծնվել է Ռուսաստանում, բայց մանկությունն անցկացրել է Շիրակի մարզի Աշոցք գյուղում, որտեղ էլ սկսվել է ապագա դահուկորդի առաջին քայլերը պրոֆեսիոնալ սպորտում: Այսօր Սերգեյ Միքայելյանն իր ընտանիքի եւ Հայաստանի մյուս առաջատար դահուկորդ, կրտսեր եղբայր Միքայել Միքայելյանի հետ ապրում է Աշոցքում, որտեղ, ինչպես գյուղի բնակիչներն են ասում, տարին 7 ամիս ձմեռ է եւ առատ ձյուն:
Դեռեւս 2017-18 թթ. Աշոցքում կառուցվեց դահուկավազքի մրցուղի եւ անցկացվեց միջազգային մրցաշար: Այս տարի Աշոցքում դահուկային սպորտի համար ավելի կարեւոր իրադարձություն տեղի ունեցավ. համայնքը հայտարարվեց դահուկային սպորտի Հայաստանի կենտրոն, իհարկե Ծաղկաձորից հետո: Եվրոպական միության աջակցությամբ եւ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Աշոցքում կառուցվել է դահուկային սպորտի կենտրոն՝ հյուրատուն: Հունվարի 26-ին կայացավ կենտրոնի պաշտոնական բացումը՝ Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկու մասնակցությամբ:
«Եվրամիությունն ուզում է, որ Հայաստանում մարդիկ լինեն ուժեղ եւ առողջ: Դրանում նրանց կօգնի սպորտը: Օգտագործելով այն փաստը, որ Աշոցքում տարին 7 ամիս առատ ձյուն է եւ այստեղ արդեն գործում է դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի կողմից ընդունված վազքուղի, Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի հետ որոշեցինք Աշոցքի բնակիչներին ուրախացնել եւ այստեղ մեկնարկ տալ մի նախագծի, որ մեծ հեռանկարներ ունի: Կարծում եմ, Աշոցքի բնակիչների համար շատ կարեւոր է ունենալ նման կենտրոն, որը կնպաստի ոչ միայն սպորտի մասսայականացմանը, այլեւ տուրիզմի զարգացմանը:
Մեր ծրագիրը մեծ բյուջե չի կազմում, այն արժեցել է 60 հազար եվրո, ինչը խոսում է այն մասին, որ համեստ ներդրումով կարելի է մեծ փոփոխություններ իրականցնել հեռավոր համայնքներում: Սա մեր 10 ծրագրերից մեկն է Հայաստանի հեռավոր համայնքերում: Հետագայում կունենանք նմանօրինակ մի շարք ծրագրեր: Կարծում եմ դահուկավազքն ընտանեկան մարզաձեւ է եւ ուրախ եմ, որ մեր նախագիծը կխթանի Հայաստանում առողջ եւ սպորտային ընտանիքներ ունենալուն: Այս նախագիծը մեծ կարեւորություն ունի նաեւ Հայաստանի հեռավոր համայնքներում տուրիզմը զարգացնելու առումով: Իսկ Եվրամիությունը նախատեսում է եւս 7 միլիոն եվրոյի ներդրում Հայաստանի հյուսիսային մարզերում զբոսաշրջությունը զարգացնելու ուղղությամբ»,- ասաց Պյոտր Սվիտալսկին:
Կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը վստահվեց դեսպան Պյոտր Սվիտալսկուն, դահուկորդ Միքայել Միքայելյանին եւ դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանին, որոնք էլ կտրեցին կարմիր ժապավենը: Իսկ նախքան ժապավենի կտրելը, Գագիկ Սարգսյանը հայտարարեց, որ ֆեդերացիայի որոշմամբ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ճանաչվում է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի պատվավոր անդամ:
«Մինչ այս մեր ֆեդերացիան երբեւէ պատվավոր անդամ չէր ունեցել, եւ ֆեդերացիայի որոշմամբ ու ցանկությամբ, պարոն դեսպանին ճանաչել ենք պատվավոր անդամ: Մեր երազանքն էր Հայաստանում երբեւէ ունենալ դահուկային սպորտի կենտրոն: Ավելին, մեր երազանքն էր Հայաստանում ունենալ մի վայր, որտեղ հնարավոր կլիներ զարգացնել դահուկավազքը: Մեր երազանքն իրականություն դարձավ եւ բոլորս մեծ հույս ունենք, որ այն կդառնա տարածաշրջանի կենտրոններից մեկը»,- նշեց Գագիկ Սարգսյանը:
Աշոցքում բացված դահուկային կենտրոնն այդքան էլ մեծ չէ: Գտնվում է անմիջապես վազքուղու հարեւանությամբ եւ շատ հեշտ է կենտրոնից անմիջապես դուրս գալ վազքուղի մարզման կամ մրցումների: Կենտրոնը բաղկացած է մի քանի սրահներից՝ 4 ննջասենյակ, որոնցում այս պահին կարող են գիշերել 14-15 մարզիկ, խոհանոց, հանգստի սենյակ: Կենտրոնի կահավորումը շատ համեստ է, միայն այն ամենը, ինչ անհրաժեշտ է գիշերն անցկացնելու համար: Զվարճանքի համար ոչինչ չկա, այսինքն՝ մարզիկներն այստեղ միայն պետք է մարզվեն, լոգանք ընդունեն, սնվեն եւ գիշերեն: Դրա փոխարեն կենտրոնն ունի ջեռուցման բարձրակարգ համակարգ, իսկ ամբողջ շինությունը կառուցված է այնպիսի նյութերից, որն ապահովում է բարձր ջերմակայություն:
Կենտրոնը ղեկավարելու են դահուկավազքի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, նախկին դահուկորդ Արթուր Միքայելյանը եւ նրա կինը՝ նախկին դահուկորդ Ալլա Միքայելյանը: Ի դեպ, նախքան կենտրոնի բացումը, դահուկորդների ընտանիքը իրենց սեփական տան երկրորդ հարկում հյուրատուն էին կառուցել եւ հյուրընկալում էին դահուկորդների տարբեր մարզերից, երկրներից, ինչպես նաեւ դահուկավազքի սիրահարների, որոնք ժամանում էին Աշոցք: Իսկ այսօր՝ Միքայելյանների ընտանիքը հենց վազքուղու հարեւանությամբ հյուրասիրություն էր կազմակերպել:
Դահուկային կենտրոնը կծառայի ոչ միայն պրոֆեսիոնալ մարզիկներին, արտերկրյա մարզիկներին, այլեւ դահուկավազքի սիրահարներին: Այստեղ նաեւ կարող են իրենց ուժերը փորձել սկսնակները, քանի որ կենտրոնում կլինեն նաեւ մարզիչներ, պրոֆեսիոնալ դահուկորդներ, որոնք կսովորեցնեն սկսնակներին կանգնել դահուկի վրա, սահել: Դահուկավաքի սիրահարներին մարզչություն կանեն Սերգեյ Միքայելյանը, Սոչի-2014 Օլիմպիական խաղերի մասնակից, նախկին դահուկորդ Արման Եղոյանը եւ այլ մասնագետներ:
«Շատ ուրախ եմ, որ իմ հարազատ Աշոցքում այսուհետ կա կենտրոն, որտեղ հայ մարզիկները, Հայաստանի հավաքականը կկարողանա ապրել եւ մարզվել: Սա հրաշալի միջոց է մարզաձեւը մասսայականացնելու, սիրելի դարձնելու համար, իսկ հայ մարզիկների համար լավագույն պայմանը երկրի ներսում մարզվելու, հավաքներ անցկացնելու համար: Ցավոք, ես այս շրջանում չեմ մարզվում, քանի որ ապաքինվում եմ վնասվածքներից, բայց կարծում եմ, ապաքինումից հետո նորից կկանգնեմ դահուկների վրա եւ սիրով կմարզվեմ: Բայց այդ ընթացքում իմ փորձը կփոխանցեմ այստեղ մարզվող թե մարզիկներին, թե սիրողական սահողներին»,- նկատեց Սերգեյ Միքայելյանը: Նա NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրուցելուն զուգահեռ, կենտրոնի առաջին այցելուներին սովորեցնում էր դահուկի վրա կանգնել:
Հունվարի 27-ին տեղի կունենա դահուկավազքի սիրողական մրցաշար, որը կունենա 200-ից ավելի մասնակից: Տղամարդիկ կմրցեն 2 կմ, կանայք՝ 1 կմ մրցատարածություններում: Կանցկացվի նաեւ մինչեւ 12 տարեկանների մրցաշար:
Մրցաշարին չեն մասնակցի պրոֆեսիոնալ դահուկորդները: Մասնակիցների հետ մրցուղի է դուրս գալու նաեւ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ Հայաստանի հավաքականի համազգեստով, որը հունվարի 26-ին նվեր ստացավ ֆեդերացիայից, որպես Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի առաջին պատվավոր անդամ:
Լուսինե Շահբազյան



The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.