Համացանցում հայտնվել են անհետացած ինքնաթիռում եղած Էմիլիանո Սալայի վերջին հաղորդագրությունները

13:40   23 հունվարի, 2019

Համացանցում հայտնվել են Անգլիայի Պրեմյեր լիգայում հանդես եկող «Կարդիֆ Սիթիի» նորեկ Էմիլիանո Սալայի հաղորդագրությունները WhatsApp-ի խմբերից մեկում այն բանից առաջ, երբ նրան տեղափոխող ինքնաթիռն անհետացել էր Ֆրանսիայի Նանտ քաղաքից Ուելսի մայրաքաղաք Կարդիֆ ուղեւորվելիս: Ինքնաթիռը նախատեսված վայրեջքից մեկ ժամ առաջ ռադարների էկրանից անհետացել էր Լա Մանշի ջրերի վրա: Որոնողական աշխատանքները շարունակվում են, ինքնաթիռի եւ ուղեւորների ճակատագրի վերաբերյալ ոչ մի տեղեկություն դեռ չկա:

«Բարեւ տղաներ, ինչպե՞ս եք: Ես շատ հոգնած եմ: Նանտում ավարտեցի գործերս եւ հիմա Կարդիֆ եմ ուղեւորվում մի ինքնաթիռով, որը քիչ է մնում ընկնի: Վաղն արդեն կսկսեմ մարզվել նոր թիմի հետ:  

Ինչպե՞ս եք եղբայրներ ու քույրեր, ամեն բան կարգի՞ն է: Եթե 1.5 ժամից ինձանից տեղեկություններ չլինեն, ապա չգիտեմ, թե արդյոք կլինի անհրաժեշտություն ինչ-որ մեկին ուղարկել ինձ փնտրելու համար: Հայրիկ, ես շատ եմ վախենում»,- նշված է հաղորդագրություններում, փոխանցում է Ole-ն:

Հիշեցնենք, որ Piper Malibu թեթեւ ինքնաթիռում արգենտինացի հարձակվողից բացի եղել էր միայն օդաչուն: Նա Ուելս էր մեկնել նույն ինքնաթիռով, որով օրեր առաջ Ֆրանսիա էր վերադարձել «Կարդիֆ Սիթիի» հետ պայմանագիր կնքելուց հետո:

«Կարդիֆ Սիթին» նախորդ շաբաթ էր պայմանագիր կնքել Էմիլիանո Սալայի հետ, որը 2015 թվականից հանդես էր գալիս ֆրանսիական «Նանտում»: 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը (20,5 միլիոն եվրո) ռեկորդային է եղել «Կարդիֆի» համար:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։