Լեւոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել Gibraltar Masters-ում

11:55   23 հունվարի, 2019

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել Gibraltar Masters մրցաշարում (10 տուր):

Ջիբրալթարում անցկացվող ավանդական մրցաշարի առաջին տուրում Արոնյանը սպիտակներով առավելության է հասել Ինդոնեզիան ներկայացնող կանանց գրոսմայստեր Իրինե Սուկանդերի նկատմամբ: Երկրորդ տուրում հայ գրոսմայստերը սեւերով կմրցի ուկրաինուհի Մարիա Մուզիչուկի հետ:

Հաղթանակով է մեկնարկել նաեւ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Հրանտ Մելքումյանը, որը սպիտակներով ուժեղ է գտնվել ռուս Դինա Բելենկայայից, իսկ կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը սեւերով ոչ ոքի է խաղացել մեքսիկացի Ավիլա Ամեյալիի հետ:

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Gibraltar Masters-ի գործող հաղթողն է: Նախորդ տարի հայ գրոսմայստերը եզրափակիչ թայ-բրեյքում ուժեղ էր գտնվել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավից:

Մրցաշարի հաղթողը կստանա 25 հազար ֆունտ ստերլինգ: Գումարային պարգեւ կստանան 1-15-րդ տեղ գրաված շախմատիստները:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։