Բոատենգ. Մեսին լավագույն ֆուտբոլիստն է, Սուարեսը՝ լավագույն հարձակվողը

19:39   22 հունվարի, 2019

«Բարսելոնայի» նորեկ, գանացի կիսապաշտպան Կեւին-Պրինս Բոատենգը հիացմունքով է խոսել կատալոնական թիմի հարձակման առաջատարներ, արգենտինացի Լիոնել Մեսիի եւ ուրուգվայցի Լուիս Սուարեսի մասին:

«Ինձ համար մեծ պատիվ է հանդես գալ «Բարսելոնայում», քանի որ Մեսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, իսկ Լուիս Սուարեսը՝ լավագույն հարձակվողը: Մեսին 10 տարվա մրցելույթով ապացուցել է, որ ամենալավն է: Նրանք երկուսով ցուցադրում են հիանալի ֆուտբոլ, իսկ նրանց հետ նույն թիմում խաղալը հրաշալի նվեր է»,- Բոատենգի խոսքը մեջբերում է fourfourtwo-ն:

Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը մինչեւ այս մրցաշրջանի ավարտը 2 միլիոն եվրոյով վարձակալել է 31-ամյա ֆուտբոլիստին: Մրցաշրջանի վերջում «Բարսելոնան» հնարավորություն կունենա 8 միլիոնով գնել Բոատենգի տրանսֆերային իրավունքը:

Գանացի կիսապաշտպանը 2018-ին Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» էր տեղափոխվել «Սասուոլո», որի կազմում մասնակցել է Իտալիայի ընթացիկ առաջնության 13 խաղի եւ դարձել 4 գոլի հեղինակ: Իսպանիայում նա 2016-2017-ը հանդես է եկել «Լաս Պալմասում»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։