12:25 17 հունվարի, 2019Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի դիտարկումները եւ հանդիպումները շարունակվում են Մադրիդում: Հունվարի 16-ին հայ մարզիչներն այցելել են Մադրիդի «Ռեալի» մարզաբազա, ծանոթացել բոլոր ենթակառուցվածքներին, փոխանցում է ՀՖՖ կայքը:
Մարզիչներին ներկայացվել է մադրիդյան ակումբի մոտեցումները տարբեր տարիքային խմբերի հետ տարվող աշխատանքների վերաբերյալ: Կայացել է հանդիպում նաեւ «Ռեալի»՝ ֆուտբոլիստների վերականգնման հարցերով զբաղվող մասնագետի հետ, որն աշխատում է վնասվածք ստացած խաղացողների հետ: Նա ներկայացրել է, թե ինչ փուլերով են անցնում մադրիդյան ակումբի ֆուտբոլիստները վերականգնման ընթացքում:
Այնուհետև Հայաստանի ազգային հավաքականի մարզիչները հանդիպել են Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլին, որը կիսվել է իր փորձով եւ պատրաստակամություն հայտնել հետագայում էլ օգտակար լինել իր խորհուրդներով: Հայ մարզիչները հանդիպել են նաեւ Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ֆերնանդո Մորիենտիեսին: Հայկական պատվիրակությունը երկու ֆուտբոլիստներին էլ հանձնել է հուշանվերներ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից: Երեկոյան մարզիչները ներկա են եղել նաեւ «Աթլետիկո» - «Ժիրոնա» Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպմանը (3:3):
Հիշեցնենք, որ այս օրերին Իսպանիայում են Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլուդաղյանցը եւ նրա օգնականներ Սուրեն Չախալյանն ու Աշոտ Ավետիսյանը: Իսպանիայի մայրաքաղաքում նրանց են միացել նաեւ ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը եւ Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն:
Ֆոտո՝ ՀՖՖ

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.