Օլ. չեմպիոն Արսեն Գալստյան. Ապրում եմ Ռուսաստանում, բայց Հայաստանն իմ հայրենիքն է, սրտացավ եմ նաեւ հայ մարզիկների համար

20:44   13 հունվարի, 2019

«Օլիմպիական չեմպիոն դառնալու համար ամեն օր պետք է դառնաս ավելի լավը, քան երեկ էիր»:

Սա Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն, ձյուդոյի Ռուսաստանի հավաքականի նախկին անդամ Արսեն Գալստյանի օլիմպիական չեմպիոն դառնալու «բաղադրատոմսն» է:

NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի հաղթող, ձյուդոյի Ռուսաստանի հավաքականի արդեն նախկին անդամ Արսեն Գալստյանի հետ, բացահայտելով oլիմպիական չեմպիոն դառնալու նրա ճանապարհը: Նա նաեւ առիթն օգտագործեց եւ շնորհավորեց հայաստանիցներին եւ NEWS.am Sport-ին Հին Նոր տարվա կապակցությամբ:

Արսեն, հաճելի է քեզ հաճախ հանդիպել հայրենիքում, Հայաստանի հավաքականների մարզումներին: Ինչպիսի՞ն է կապդ հայրենիքի հետ եւ ի՞նչն է քեզ բերում Հայաստան:

Ես հաճախ եմ լինում այդտեղ, ունեմ շատ ընկերներ եւ հաճախ մենք հանդիպում ենք Հայաստանում, լավ ժամանակ անցակացնում, միասին մարզումներ անում: Ես լավ հարաբերությունների մեջ եմ Հովհաննես Դավթյանի, Արմեն Նազարյանի, Ֆերդինանդ Կարապետյանի հետ: Հայաստանում գտնվելուս շրջանում ոչ միայն հանգիստս եմ վայելում հայրենիքում, այլեւ փորձում եմ իմ ընկերներին օգտակար լինեն, մարզումների մասնակցել եւ իմ փորձը փոխանցել նաեւ հայ ձյուդոիստներին: Մեր ժամանակ մեծ նվաճումներ ունեցող մարզիկների, օլիմպիական չեմպիոնների հետ լուսանկարվելու, նրանց հետ շփվելու հնարավորություն անգամ չկար, իսկ այօրվա սերունդը մեծ հնարավորություններ ունի, ոչ միայն անձամբ շփվելու, մասնագիտական խորհուրդներ հարցնելու, այլեւ մարզվելու: Սա կարծում եմ լավագույն միջոցն է ցանկացած մարզաձեւում ավելի մեծ թվով պատանիների, երիտասարդների ներգրավել, զարգացնել մարզաձեւը, գրանցել բարձր արդյունքներ: Անհնար է սպորտում ունենալ մեծ նվաճում, դառնալ օլիմպիական չեմպիոն եւ չցանկանալ սեփական փորձը փոխանցել նոր սերնդին: Հենց այս պատճառով, ես, ինչպես իմ հայաստանցի ընկերները՝ Արմեն Նազարյանը, Հովհաննես Դավթյանը, մեկ ընդհանուր գաղափարի շուրջ ենք համախմբված եւ աշխատում ենք որպես մարզիչներ՝ ձյուդոյի պատմությունը շարունակելու համար: Մարզիկի կարիերաս ավարտել եմ եւ այժմ մարզիչ են Ռուսաստանի հավաքականում:

Ճիշտ է՝ ես ապրում եւ աշխատում եմ Ռուսաստանում, բայց Հայաստանն իմ հայրենիքն է, երկրորդ տուն, հարազատ վայր է եւ սրտացավ եմ նաեւ հայ մարզիկների, ձյուդոիստների համար: Ուզում եմ, որ ձյուդո մարզաձեւից Հայաստանն էլ ունենա Եվրոպայի, աշխարհի չեմպիոններ ու, ամենակարեւորը, օլիմպիական չեմպիոն: Եվ ուրախ եմ, որ լավ շփում կա հայկական մարզաշխարհի հետ, պարբերաբար հանդիպում եմ Հայաստանի պատանի երիտասարդ ձյուդոիստներին, ընկերական հարաբերություններ ենք պահպանում: Ուզում եմ նրանք հասկանան, որ մենք էլ սովորական մարզիկ ենք, օլիմպիական չեմպիոն չենք ծնվել, այլ դարձել ենք երկարատեւ, քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Օլիմպիական չեմպիոն դառնալու համար որեւէ գաղտնիք չկա, որեւէ հատուկ կենսակերպ ու սննդակարգ չկա, բոլոր օլիմպիական չեմպիոններն էլ սովորական մարդիկ են, ովքեր ուղղակի երազանք ու նպատակ են ունեցել, սիրել են մազաձեւը եւ ամեն ինչ արել են իրենց երազանքին հասնելու համար:

Օլիմպիական չեմպիոն դառնալը երազանք է եղե՞լ քեզ համար եւ ո՞ր տարիքից:

Այո, ես երազել եմ, որ ինձ էլ շատերի պես անվանիցս առաջ ասեն՝ օլիմպիական չեմպիոն Արսեն Գալստյան: Պատանեկան տարիքից ես արդեն երազում էի այդ նվաճման մասին, երբ սկսեցի հավատալ, որ ես էլ կարող եմ դառնալ այդ չեմպիոններից մեկը: Ամենակարեւորն այդ հավատն է սեփական ուժերի նկատմամբ: Ներկայիս սերնդի մեջ նկատում եմ անհույս վիճակ. նրանց թվում է, թե անհնար է նվաճել օլիմպիական ոսկե մեդալ, անհնար է նվաճել օլիմպիական չեմպիոնի տիտղոսը, հենց այդ պատճառով նրանց համար երազանքն անիրականալի է թվում, իսկ ճանապարհը դեպի երազանքի իրականացումը ոչ այդքան նպատակային, քանի որ մնում է երազանքի սահմաններում: Ես գյուղում մեծացած տղա եմ, ով սիրեց ձյուդոն եւ սկսեց հավատալ, որ հնարավոր է դառնալ մեծ չեմպիոն այս մարզաձեւում: Ես շատ էմոցիոնալ տղա էի, տպավորվող: Փոքր տարիքում, երբ առաջին անգամ հեռուստացույցով դիտեցի Օլիմպիական խաղեր, շատ էի տպավորվել եւ հենց այդ օրվանից որոշեցի, որ ես էլ եմ ուզում դառնալ օլիմպիական չեմպիոն:

Սպորտային ընտանիքում ես մեծացել:

Այո, հայրս ֆուտբոլիստ է եղել, խաղացել է Դիլիջանի «Իմպուլս» ակումբում: Երկու եղբայր ունեմ, որոնք նույնպես ձյուդոիստներ են, Ռուսաստանի սպորտի վարպետներ: Ես սպորտից բացի այլընտրանք չունեի, անհնար էր սպորտից փախնելը, ուրիշ ճանապարհ չունեի: Ընտրեցի սպորտը՝ ձյուդոն, ու որոշեցի, որ պետք է գնալ մինչեւ վերջ: Պատանեկան տարիքից մարզիկի մեջ պետք է սերմանել ընտրած ճանապարհում մինչեւ վերջ գնալու հատկությունը: Եթե ընտրում ես մի ճանապարհ՝ կարեւոր չէ՝ սպորտ է, թե այլ ոլորտ, պետք է մինչեւ վերջ գնալ արդյունքի հասնելու համար: Եթե ուզում ես չեմպիոն դառնալ, այդ ճանապարհի յուրաքանչյուր բարդություն պետք է հաղթահարել, որպեսզի չեմպիոնական կոչումը պատվով կրես:

Հայ մարզիկները պարտությունների հետ ասես չեն համակերպվում, եւ Օլիմպիական չեմպիոնի տիտղոսի նվաճման ճանապարհին պարտությունները նրանց հիասթափեցնում են: Ինչպե՞ս հաղթահարել պարտությունները:

Սա յուրաքանչյուր մարզիչի ամենամեծ ու հիմնական խնդիրն է, մարզիկի հոգեբանության մեջ մտցնել պարտությունը հաղթահարելու ուժը: Առանց պարտության հաղթանակ չի լինում, հաջողություն չի լինում: Պետք է մարզիկը գիտակցի, որ յուրաքանչյուր պարտություն եւս մեկ քայլ է դեպի օլիմպիական չեմպիոնի կոչումը: Հենց պարտությունն է մարզիկի մեջ դաստիարակում բնավորություն, կամքի ուժ, ձգտում: Յուրաքանչյուր պարտություն պետք է ընդունես որպես քո անձնական սխալ, քանի որ դու ես պարտվել, ուրիշը չի պարտվել քո փոխարեն, եւ պետք է դու ինքդ ուղղես քո սխալը եւ շարունակես գնալ առաջ: Պետք չէ շաբաթներ շարունակ մնալ պարտության հիասթափության տակ, այլ հենց հաջորդ օրվանից նորից գնալ մարզադալիճ, մարզվել, աշխատել ու հաղթել հաջորդ փուլում: Օլիմպիական չեմպիոն դառնալու համար դու պետք է ամեն օր դառնաս ավելի լավը, քան նախորդ օրը:

Արսեն, Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո անցել է 7 տարի: Ի՞նչ հիշողություններ ու ապրումներ են պահպանվել:

Դրանք անմոռանալի ապրումներ են, օր, որ երբեք չի մոռացվում: Այսօրվա պես հիշում եմ այդ վայրկյանները, իմ երջանկությունը, էյֆորիան, որում երկար ժամանակ մնացի, զգացողությունները: Բառերով հնարավոր չէ փոխացնել: Տարիներ են անցել, բայց երբ վերանայում եմ գոտեմարտերս, նույն հուզմունքն եմ ապրում, ինչ այդ ժամանակ, նույնկերպ լարվում եմ, ձեռքիս ափերը հուզմունքից խոնավանում են: Այս ամենը կյանքի պահեր են, որոնք երբեք չեն մոռացվի: Օլիմպիական ոսկե մեդալս գտնվում է ծնողներիս տանը, որտեղ ունեմ մեդալների հատուկ անկյուն, իսկ պատվավոր տեղում օլիմպիական ոսկե մեդալն է: Այդքան էլ հաճախակի ձեռքս չեմ վերցնում մեդալս, բայց հոգուս խորքում Լոդնոնի Օլիմպիական խաղերի օրերը պինդ պահում եմ:

Իսկ ինչո°ւ չգնացիր Ռիո-2016:

Փորձեցի, ցանկություն կար հաղթանակս կրկնելու, բայց չստացվեց: Ձյուդոյում դու ինքդ պետք է անհատական նվաճես օլիմպիական ուղեգիր՝ յուրաքանչյուր մրցաշարից վաստակելով միավորներ եւ հայտնվելով աշխարհի լավագույն 23-ի մեջ: 2014-իին քաշային կարգս փոխեցի՝ 60 կգ-ից 66 կգ: Բայց այդ քաշային կարգում Ռուսաստանի հավաքականում արդեն երկու ուժեղագույն մարզիկներ կային, որոնք Եվրոպայի, աշխարհի մրցանակակիրներ էին, բարձր արդյունքներով: Իսկ Ռիոյի ուղեգիր նվաճեց այդ երկու տղաներից մեկը, ով իսկապես արժանի էր Օլիմպիական խաղերին մասնակցելու: Ինձ չհաջողվեց բավական միավորներ հավաքել եւ իմ սխալն այն էր, որ ուշ որոշեցի փոխել քաշս: Օլիմպիական խաղերից ընդամենը 2 տարի առաջ: Եթե անմիջապես Լոնդոնից հետո փոխեի, կհասցնեի հաստատվել այդ քաշում եւ բարձր արդյունքներ գրանցել: Բայց չեմ ափսոսում, որ չհայտնվեցի Ռիոյում, պետք է ճանապարհ տալ նաեւ մյուս ուժեղներին: Երեւի իրականում այդքան էլ շատ չէի ուզում մասնակցել Ռիոյի Օլիմպիական խաղերին: Լոնդոնից հետո մի տեսակ դատարկություն կար, բնավ տարիքը, ֆիզիկականն այդքան էլ մեծ խոչընդոտ չէին: 2016-ին մասնակցեցի Եվրոպայի առաջնությանը եւ նվաճեցի բրոնզե մեդալ 66 կգ քաշային կարգում եւ դրանից հետո զգացի, որ ցանկանում եմ ավարտել մարզիկի կարիերաս: Մի քանի մրցաշարերի էլ մասնակցեցի, մեդալներ նվաճեցի, բայց արդեն շարունակելու ցանկություն չկար: Այսինքն՝ ես հանգիստ կարող էի շարունակել, բայց ցանկություն արդեն չունեի: Այդ ժամանակ հավաքականի գլխավոր մարզիչի, թիմի մենեջերի հետ քննարկեցինք եւ եկանք եզրահանգման, որ իմ հեռանալու ժամանակն է, քանի որ երբ առանց առաջ շարժվելու ցանկության ես դուրս գալիս տատամի, արդյունք երբեք չես ունենա: Իսկ այդ շրջանում ես իրոք այլեւս ցանկություն չունեի, հոգնածություն էլ կար: Երբ ունես արդեն օլիմպիական ոսկե մեդալ, պատասխանատվությունը մեծ է, որ երկրորդ Օլիմպիական խաղերում էլ ոսկե մեդալ նվաճես, ինչն ամենաբարդն է: Ես հիանում եմ այն մարզիկներով, որոնք առաջին ոսկուց հետո ուժ են գտնում երկրորդ, երրորդ անգամ մասնակցել Օլիմպիական խաղերի: Ավելի հեշտ է առաջին օլիմպիական ոսկե մեդալը նվաճել, բայց եզակիներին է հաջողվում դառնալ կրկնակի, եռակի օլիմպիական չեմպիոն: Ես երազել էի դառնալ օլիմպիական չեմպիոն, երազանքս իրականացել էր, երկրորդ, երրորդի մասին չէի էլ մտածել:

Օլիմպիական չեմպիոն ծնվու՞մ են, թե՞ դառնում:

Միանշանակ դառնում: Պետք է աշխատել ու նպատակ ունենալ, շատ կարեւոր է նաեւ տաղանդ ունենալ: Օրինակ՝ հայ ձյուդիստները շատ աշխատասեր են ու նաեւ տաղանդավոր: Պետք է նրանց հետ աշխատել ու նրանց սովորեցնել հավատալ, որ նրանք ունեն բոլոր հնարավորությունները դառնալ օլիմպիական չեմպիոն: Եթե Հայաստանն ուզում է ունենալ ձյուդոյի օլիմպիական չեմպիոններ, մարզադահլիճները պետք է լցված լինեն մարզիկներով եւ ամենակարեւորը մեծ աշխատանք պետք է տանեն մարզիչները, ֆեդերացիան ու կառավարությունը: Այս պարագայում հաղթանակներն անխուսափելի կլինեն:

Արսեն, իսկ կուզեի՞ր Հայաստանում մարզչությամբ զբաղվել:

Չեմ մտածել այդ մասին. Եթե անկեղծ՝ ոչ: Ես 7 տարեկանից ապրում եմ Ռուսաստանում: Այն ամենն ինչ ունեմ, ինչի հասել եմ, Ռուսաստանն է ինձ տվել: Պետք է հասկանալ, որ ես այս երկրին են պարտական իմ հաջողությունների, ձեռքբերումների համար: Իմ ընտանիքը, աշխատանքը, կյանքը Ռուսաստանում է: Հայաստանն իմ հայրենիքն է, իմ երկրորդ տունը, եւ ես երբեք չեմ կտրի իմ կապը հայրենիքի հետ: Իսկապես շատ հաճախ եմ գալիս Հայաստան, այդտեղ բարեկամներ, ընկերներ ունեմ, ես ինձ լավ եմ զգում Հայաստանում, ինձ ձգում է այդտեղ, բայց տեղափոխվել Հայաստան՝ դժվար, թե կարողանամ: Պատրաստ եմ իմ հնարավորությունների չափով օգտակար լինել հայկական ձյուդոյին, Հայաստանի հավաքականին, մարզիկներին: Բայց այն երկիրը, որն ինձ դարձրել է օլիմպիական չեմպիոն, տվել ամեն ինչ, պարտքս է նրան վերադարձնել պատասխան շնորհակալությունն իմ աշխատանքով:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։