Մրցաշրջան-2018-ի նվաճումներն ու ձախողումները հայկական ծանրամարտում

14:35   2 հունվարի, 2019

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը NEWS.am Sport-ի համար ամփոփել է 2018 թվականը:

Հիշեցնենք, որ մրցաշրջան 2018-ում հայկական սպորտում փայլեց ծանրամարտի Հայաստանի հավաքականը՝ 8 տարվա դադարից հետո Հայաստանի համար նվաճելով աշխարհի առաջնության ոսկե մեդալը: Սիմոն Մարտիրոսյանի հաղթանակը աշխարհի առաջնությունում 2018-ում հայկական սպորտում թերեւս միակ ամենամեծ նվաճումն էր:

Մրցաշրջան-2018՝ աշխարհի չեմպիոնով

Այս տարին հաջողված էր, 75 մեդալով բավարարվեցինք, աշխարհի առաջնության ոսկե, արծաթե մեդալակիրներ, երիտասարդների Եվրոպայի Մ-23 չեմպիոններ:

Ես չէի կարծում, որ իմ հավաքականը կորակազրկեն, եւ ես սա որակազրկում չեմ համարում, քանի որ մենք չմասնակցեցինք միայն 2017-ի աշխարհի առաջնությանը եւ 2018-ի Եվրոպայի առաջնությանը: Մնացած բոլոր մրցումներին մասնակցել ենք եւ չեմպիոններով վերադարձել: Ամեն դեպքում այս երկու կարեւոր առաջնություններին մասնակցելու իրավունքից զրկվելն իր բացասական հետքը թողեց մեր հավաքականի վրա. օրինակ՝ մենք այս տարի կրկնակի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոններ կունենայինք... Շատ է կորուստը, բայց չենք հուսահատվել:

Տարվա ձախողումը

Այս տարվա ամենամեծ ձախողումը համարում եմ Անդրանիկ Կարապետյանի անհաջող ելույթն աշխարհի առաջնությունում: Ձախողում եմ համարում նաեւ Հակոբ Մկրտչյանի մրցելույթը կրկին աշխարհի առաջնությունում, չնայած, որ հրում վարժությունում երկրորդ տեղը զբաղեցրեց: Բայց միեւնույն է, ինձ համար դա ձախողում էր, որովհետեւ նա այն քաշը չբարձրացրեց, որը գրեթե շաբաթը 1-2 անգամ բարձրացնում էր՝ առանց քաշ գցելու: Ես այնքան էի ցանկանում, որ նա աշխարհի չեմպիոն դառնար...

Նախաօլիմպիական 2019-ը

Մեր նախաօլիմպիական շրջանն արդեն սկսվել է 2018-ի աշխարհի առաջնությունից: Օլիմպիական վարկանիշները ծանրորդները նվաճելու են 6 մրցաշարերում: Յուրաքանչյուրը հավաքելու է իր օլիմպիական վարկանիշը եւ միայն 4 լավագույնն է նվաճելու օլիմպիական ուղեգիր: Աշխարհի առաջնությունում միավոր չվաստակեց միայն Անդրանիկ Կարապետյանը, քանի որ 0 ստացավ: Այդ պատճառով նրան հնարավորություն տրվեց դեկտեմբերին մասնակցել Դոհայում կայացած աշխարհի գավաթի խաղարկությանը, որտեղ հաղթեց եւ վաստակեց վարկանիշային միավորներ:

2019-ում Հայաստանի հավաքական կվերադարձնենք Արտաշես Ներսիսյանին՝ կանանց հավաքականի գլխավոր մարզիչին: Նա մեր շատ փորձառու մարզիչն է եւ պետք է ղեկավարի կանանց թիմը: Չնայած, որ մեր ունեցած խնդրի համար մեկնումեկս պետք է պատասխան տայինք: Քանի որ խնդիրը կանանց հավաքականում էր, պատասխան տվեց Արտաշես Ներսիսյանը:

2019-ում շատ անելիքներ ունենք, բայց բոլորիս նպատակը 2020 թվականի Օլիմպիական խաղերն են, որին էլ ձգտում ենք... Ժամանակն է, որ հայկական ծանրամարտում լինեն օլիմպիական չեմպիոններ:

Սիմոն Մարիտրոսյանը հայկական ծանրամարտի «դեմք»

Այսօր այո, նա մեր ծանրամարտի դեմքն է միջազգային մրցահարթակում, բայց վաղը՝ չգիտեմ... Այդքան էլ չեմ ընդունում «դեմք» որակումը... Եթե հայկական ծանրամարտում կա Յուրի Վարդանյան անունը, որեւէ մեկի անունը նրա կողքին դեռ չենք կարող գրել: Գործող ծանրորդների մեջ, այո, նա անգերազանցելի է, բայց, ընդհանուր, հայկական ծանրամարտի պատմության մեջ դեռ չկա մի ծանրորդ, որին հաջողվել է հասնել Յուրի Վարդանյանի հաջողություններին, կիլոգրամներին, ռեկորդներին եւ նվաճումներին: Մեր նախորդներն ավելի հզոր են եղել եւ հայկական ծանրամարտի «դեմք» լինելու համար դեռ նրանց հասնել ու անցնել է պետք: Վստահ եմ, որ կհասնենք. մեծ ներուժ ունենք եւ չեմ վախենա հայտարարել, որ կարող ենք նաեւ գերազանցել Յուրի Վարդանյանի հաջողությունները. 19-20 տարեկան երիտասարդը Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնի կոչումը նվաճելուց հետո վստահաբար ձեռքերը ծալած չի նստի... Հայկական ծանրամարտում հաջողություններ դեռ շատ կլինեն, մեր թիմը դեռ մեծ հաղթանակներ կտոնի, միայն թե վնասվածքները չխանգարեն:

2018-ը Փաշիկ Ալավերդյանի մարզչական կարիերայի լավագույն տարի

Իմ մարզչական կարիերայի լավագույն տարիները նոր են սկսվում: Չնայած իմ ղեկավարությամբ առաջին օրվանից մեր հավաքականը բարձր արդյունքներ է գրանցում՝ օլիմպիական փոխչեմպիոններ, աշխարհի չեմպիոն, փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոններ: Բայց պետք է նշեմ, որ ես հավաքականը զրոյական վիճակում չեմ ընդունել: Ծանրամարտի Հայաստանի հավաքականը գլխավորելիս թիմն ընդունել եմ արդեն կայացած: Ի փառս հավաքականի նախկին մարզիչների, լավ արդյունքներ ունեինք, թիմը լավ վիճակում էր գտնվում: Բայց այս ամենի վատն այն է, որ նրանց բերած մեդալները հետ են տանում մինչ օրս: Եվ դրա պատճառով ինձ էլ զրկում են Օլիմպիական խաղերի 4 տեղերից:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։