Վարազդատ Հարոյանի լավագույն և վատագույն խաղերն անցնող տարում եւ նպատակները նոր տարում

13:20   30 դեկտեմբերի, 2018

Հայաստանի ազգային հավաքականի և Եկատերինբուրգի «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում առանձնացրեց անցնող տարվա լավագույն և վատագույն խաղերը, նաև պատմեց նոր տարում իր նպատակների մասին:

«Ավարտվող տարվա լավագույն խաղն անցկացրել եմ «Ուրալի» կազմում` «Ռոստովի» դեմ: Հաջող հանդիպում անցկացրեցի, դարձա նաև գոլի հեղինակ:

Իսկ ահա վատագույն խաղը Ջիբրալթարի հավաքականից Երևանում կրած անակնկալ պարտությունն էր, որը դառը հետք թողեց:

2019-ում իմ նպատակները հետևյալն են. ամրապնդվել «Ուրալի» մեկնարկային կազմում և որքան հնարավոր է շատ հանդիպումներ անցկացնել, նաև օգնել մեր ազգային հավաքականին լավ արդյունքներ գրանցել: Ցանկանում ենք վերադարձնել երկրպագուների հավատը: Հավատում եմ, որ միասին մենք կարող ենք նորանոր հաջողություններ կերտել:

Ցանկանում եմ շնորհավորել հայկական ֆուտբոլի բոլոր ներկայացուցիչների և մեր հավատարիմ երկրպագուների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը»,- նշեց Հարոյանը:

Մրցաշրջանի առաջին հատվածում 26-ամյա Հարոյանը 12 հանդիպում է անցկացրել «Ուրալի» կազմում, 9 խաղ` առաջնությունում,  3 խաղ` Ռուսաստանի գավաթի խաղարկությունում:

Սամվել Սուքիասյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։