Մարկոս Պիզելի. Հպարտ եմ, որ վնասվածքը ստացել եմ Հայաստանի հավաքականին օգնելիս

12:31   29 դեկտեմբերի, 2018

Հայաստանի ազգային հավաքականի եւ ղազախական «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին խոսել է Հայաստանում տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու մասին:

«Ես շատ հպարտ եմ և երջանիկ՝ այս մրցանակը ստանալու կապակցությամբ: Ուղղակի հիանալի տարի էր ինձ համար: Միակ վատ կողմը, իհարկե, վնասվածքն էր, բայց ես հպարտ եմ, որ վնասվածքս ստացել եմ Հայաստանի ազգային հավաքականին օգնելիս: Ամեն ինչ անելու եմ՝ հաջորդ տարի ավելի շատ մրցանակներ նվաճելու համար, բայց  այս անգամ՝ արդեն թիմային: Ֆուտբոլում կարող ես քեզ հաջողակ համարել միայն այն դեպքում, երբ նվաճում ես թիմային պարգևներ: Շնորհակալություն ինչպես Հայաստանի ազգային հավաքականի, այնպես էլ «Ակտոբեի» բոլոր երկրպագուներին ինձ մշտապես աջակցելու համար: Շնորհավորում եմ բոլորին Ամանորի և Սուրբ ծննդյան կապակցությամբ, մաղթում, որ միշտ լինեն լավատես և մնան մեր կողքին: Կհանդիպենք արդեն մյուս տարի»,- Պիզելիի խոսքը մեջբերում է ՀՖՖ կայքը:

Հիշեցնենք, որ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 34-ամյա Պիզելին հաղթել էր 171 միավորով: 119 միավորով երկրորդ տեղում էր հայտնվել Հայաստանի հավաքականի ավագ, անգլիական «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Լավագույն եռյակը 32 միավորով եզրափակել էր գերմանական «Յան Ռեգենսբուրգի» հարձակվող Սարգիս Ադամյանը:

Նախորդ 7 տարիներին Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը, որն այդ մրցանակին արժանացել է 8 անգամ:

Լավագույն ֆուտբոլիստին նախորդ տարվա պես ընտրում էին միայն լրատվամիջոցների եւ ակումբների ներկայացուցիչները: Յուրաքանչյուր լրատվամիջոց ունի 1 ձայնի իրավունք:

Մարկոս Պիզելին Ղազախստանի ավարտված առաջնությունում (33 տուր) 24 խաղում խփել էր 18 գոլ եւ ճանաչվել մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, ռմբարկու ու գոլի հեղինակ: Պիզելին առաջին տեղն էր գրավել նաեւ «գոլ+փոխանցում» հաշվարկով՝ դառնալով 10 գոլային փոխանցման հեղինակ:

Այս օրերին Պիզելին շարունակում է վերականգնվել ծնկի ծանր վնասվածքից, որը նա հոկտեմբերի 16-ին ստացել էր Մակեդոնիայի հավաքականի դեմ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղում (4:0):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։