«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ. Բելգիա կատարած այցս շատ հետաքրքիր անցավ (ֆոտո)

18:08   28 դեկտեմբերի, 2018

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը վերապատրաստում է անցել բելգիական «Սենտ Թրույդեն» ակումբում:

Ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում 43-ամյա մարզիչն ամփոփել է Բելգիա կատարած ճանաչողական այցը:

«Բելգիա կատարած ճանաչողական այցը շատ հետաքրքիր անցավ: Ամեն օր ներկա էի գտնվում «Սենտ Թրույդենի» պատանեկան, երիտասարդական և գլխավոր թիմերի մարզումներին, շփվում էի մարզիչների հետ, մասնակցում էի մարզումային գործընթացին:

Կարող եմ ընդգծել ակումբի ճիշտ մենեջմենթը, ֆուտբոլիստների կազմակերպվածությունն ու կարգապահությունը` բոլոր առումներով: Հենց այդ փաստը ոչ միայն «Սենտ Թրույդենի», այլև` ամբողջ բելգիական ֆուտբոլի զարգացման գրավականներից մեկն է:

Մշտական կապի մեջ էի ակումբի տեխնիկական տնօրեն Տոմ Վան Դեն Աբելեյի, ակադեմիայի տնօրեն, Հայաստանի Մ-19 հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մարկ Լելևրի հետ, որը ինձ շատ օգնեց ակումբը «ներսից» ճանաչելու հարցում: Առանձնազրույցներ եմ ունեցել նաև «Սենտ Թրույդենը» գլխավորող Մարկ Բրիսի հետ:

Ուշագրավ էր բելգիական ակումբի ակադեմիայի աշխատանքը: Պատանի սաները մինչև 14:00 պարտադիր դպրոցում էին, իսկ այնուհետև ժամանում էին մարզաբազա և մինչև ուշ երեկո մարզվում էին լուսավորության ներքո: Ընդ որում, ամեն պատանեկան թիմի հետ աշխատում էր 4 մարզիչ: Յուրաքանչյուր տարիքային խմբի թիմում ընտրվում էին լավագույնները` առավելագույնը 20 երեխա, որոնք բաժանվում էին խմբերի` ըստ իրենց գենետիկական աճի առանձնահատկությունների և ֆիզիկական տվյալների` ավելի ճիշտ աշխատանքի համար:

Խոսելով կոնկրետ մարզումային պրոցեսի մասին, կարող եմ նշել, որ առանձնահատկությունները շատ չէին, սակայն շատ եմ կարևորում այն փաստը, որ երեխաներն օրական մարզվում էին 2.5 ժամ:

Ներկա գտնվեցի նաև «Սենտ Թրույդենի» երկու հանդիպումների, կառանձնացնեմ բելգիական ակումբների թիմային արագությունը:

Կարող եմ փաստել, որ շատ պրոդուկտիվ անցկացրեցի ճանաչողական այցս, սա հետաքրքիր փորձ էր ինձ համար»:

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության աշնանային հատվածից հետո «Ալաշկերտը» 33 միավորով առաջին տեղում է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։