Տարվա լավագույնների պարգեւատրությանը չմասնակցած մարզիկները եւս ստացան մեքենաներ (ֆոտո)

15:33   26 դեկտեմբերի, 2018

Ջրացատկի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ Վլադիմիր Հարությունյանը եւ Լեւ Սարգսյանը, հեծանվասպորտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն Էդգար Ստեփանյանը եւ հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը եւս մեքենաներ են ստացել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանից, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Էդգար Ստեփանյանը, Վլադիմիր Հարությունյանը եւ Լեւ Սարգսյանը միասին են գնացել Hyundai ընկերության սրահ եւ ստացել իրենց նվերները:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը դեկտեմբերի 25-ին Օլիմպավանում պարգեւատրել էր Հայաստանի տարվա լավագույն մարզիկներին: 

Նախապես որոշվել էր, որ այս տարի պարգեւատրվելու են ոչ թե Հայաստանի 10 լավագույն մարզիկները, այլ միայն օլիմպիական մարզաձեւերում աշխարհի չեմպիոնները, մեդալակիրները եւ Եվրոպայի չեմպիոնները: Նրանց թվում էին՝ Սիմոն Մարտիրոսյանը (աշխարհի չեմպիոն, ծանրամարտ), Արթուր Ալեքսանյանը (Եվրոպայի չեմպիոն, ըմբշամարտ), Գոռ Մինասյանը (աշխարհի փոխչեմպիոն, ծանրամարտ), Մաքսիմ Մանուկյանը (Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, ըմբշամարտ), Արթուր Շահինյանը (աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, ըմբշամարտ) եւ Ֆերդինանդ Կարապետյանը (Եվրոպայի չեմպիոն, ձյուդո):

Սիմոն Մարտիրոսյանը եւ Մաքսիմ Մանուկյանը բնակարաններ ստացան Երեւանում, իսկ մյուս 4 մարզիկները՝ Hyundai մակնիշի մեքենաներ:

Պարգեւատրման արարողության ժամանակ որոշվեց, որ մեքենաներ կստանան նաեւ Վլադիմիր Հարությունյանը, Լեւ Սարգսյանը, Էդգար Ստեփանյանը եւ Կարեն Ասլանյանը:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։