Ինչո՞ւ է Բաքուն խոչընդոտել Ֆերդինանդ Կարապետյանի մասնակցությանն աշխարհի առաջնությանը (ֆոտո)

14:22   26 դեկտեմբերի, 2018

Ձյուդոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանն ու 2018 թվականի Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփել են ավարտված մրցաշրջանը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Արմեն Նազարյան. «Տարին սկսեցինք միջազգային մրցաշարերով: Ֆերդինանդ Կարապետյանը «Գրան պրիում» զբաղեցրեց առաջին տեղը, «Մեծ սաղավարտի» մրցաշարում երրորդն էր, եւ մի քանի մրցանակային տեղերով մոտեցանք Եվրոպայի առաջնությանը: Տարվա սկզբից հաջող մրցելույթների արդյունքում հասկացանք, որ Ֆերդինանդ Կարապետյանը լավ մարզավիճակում է եւ մեդալային պայքարում կլինի Եվրոպայի առաջնությանը: Այս տարվա մեր ամենատպավորիչ իրադարձությունը հենց Եվրոպայի առաջնությունն էր: Մինչեւ եզրափակիչը Ֆերդինանդը մաքուր հաղթանակներ տարավ, իսկ եզրափակիչում հանդիպեց ադրբեջանցի ձյուդոիստի հետ ու կրկին մաքուր հաղթանակով նվաճեց ոսկե մեդալը եւ բարձրացրեց Հայաստանի դրոշը:

Ինչպես գիտեք, աշխարհի առաջնությունը Բաքվում էր, բայց մենք չկարողացանք մասնակցել: Մինչեւ վերջին պահը հույս ունեինք, որ մեկնելու ենք, Բաքվից երաշխիքներ ստանալու ենք, բայց, ցավոք, չունեցանք եւ չմասնակցեցինք: Սակայն, Ֆերդինանդ Կարապետյանը մինչեւ վերջին պահը մարզվում էր եւ լիարժեք պատրաստ էր աշխարհի առաջնությունում մեդալի եւ, ինչու ոչ, աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարելուն:

Տարին գնահատում եմ հաջողված եւ արդյունավետ: 13 տարի առաջ ես էի Եվրոպայի չեմպիոն, այդքան երկար դադարից հետո Ֆերդինանդն այս տարի կրկին Հայաստանի համար նվաճեց այդ տիտղոսը: Եթե աշխարհի առաջնությունն էլ լիներ, ավելի լավ կլիներ: Իրականում, հենց սկզբից որոշված էր, որ մենք մեկնելու ենք Բաքու: Միջազգային ֆեդերացիան Հայաստանի ֆեդերացիայի հետ համատեղ արդեն պայմանավորվածություն ձեռք բերել էին, որ Հայաստանի թիմի անվտանգությունն ապահովված կլինի Բաքվում, բայց վերջին օրերին կազմակերպիչ երկրում, հետաքրքրվելով եւ իմանալով, թե ով է Հայաստանից մասնակցելու, հրաժարվեցին մեզ տրամադրել անհատական երաշխիքներ: Բաքվի կողմն ուսումնասիրել էր, թե Ֆերդինանդն ինչ մարզիկ է, Եվրոպայի առաջնության եզրափակիչում ադրբեջանցի մարզիկին էր հաղթել, ամեն ինչ արեցին, որ նա Բաքվում չմասնակցի աշխարհի առաջնությանը»:

Ֆերդինանդ Կարապետյան. «2018 թվականն ինձ համար հաղթանակի տարի էր: Տարին մեկնարկեցի հաղթանակներով, մրցանակային տեղեր զբաղեցնելով: Եվրոպայի առաջնությունում շատ լավ հանդես եկա, ոսկե մեդալ նվաճեցի, ինչի համար շատ ուրախ եմ: Ցավալի է միայն աշխարհի առաջնության բացթողումը: Ես դա, իսկապես, բացթողում եմ համարում, քանի որ չկարողացա ինձ դրսեւորել նաեւ աշխարհի առաջնությունում: Բայց չեմ հիասթափվում, շարունակում եմ մարզվել եւ նախապատրաստվում եմ հաջորդ տարվա աշխարհի առաջնությանը, որտեղ ամեն գնով ապացուցելու եմ, որ ուժեղ եմ եւ 2018-ին Բաքվում մասնակցելու պարագայում միեւնույն է հաղթելու էի: Նպատակս Օլիմպիական խաղերն է եւ ձգտելու եմ ամեն գնով դառնալ օլիմպիական չեմպիոն: Օլիմպիական ուղեգրի համար չեմ անհանգստանում, քանի որ այս պահին արդեն ունեմ համապատասխան միավորները: Նախաօլիմպիական տարում խնդիրս լինելու է այդ միավորները պահպանելը: Իմ առջեւ մեկ այլ խնդիր եմ դնում՝ Տոկիո-2020-ում իրականացնել կյանքիս մեծագույն երազանքը՝ դառնալ օլիմպիական չեմպիոն»:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։