NEWS.am Sport-ի թղթակցի հարցից հետո Գագիկ Ծառուկյանը հանձնարարեց մեքենա նվիրել եւս 4 մարզիկների (ֆոտոշարք)

15:52   25 դեկտեմբերի, 2018

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դեկտեմբերի 25-ին Օլիմպավանում պարգեւատրեց Հայաստանի տարվա լավագույն մարզիկներին: 

Նախապես որոշվել էր, որ այս տարի պարգեւատրվելու են ոչ թե Հայաստանի 10 լավագույն մարզիկները, այլ միայն օլիմպիական մարզաձեւերում աշխարհի չեմպիոնները, մեդալակիրները եւ Եվրոպայի չեմպիոնները: Նրանց թվում էին՝ Սիմոն Մարտիրոսյանը (աշխարհի չեմպիոն, ծանրամարտ), Արթուր Ալեքսանյանը (Եվրոպայի չեմպիոն, ըմբշամարտ), Գոռ Մինասյանը (աշխարհի փոխչեմպիոն, ծանրամարտ), Մաքսիմ Մանուկյանը (Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, ըմբշամարտ), Արթուր Շահինյանը (աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, ըմբշամարտ) եւ Ֆերդինանդ Կարապետյանը (Եվրոպայի չեմպիոն, ձյուդո):

Սիմոն Մարտիրոսյանը եւ Մաքսիմ Մանուկյանը բնակարաններ ստացան Երեւանում, իսկ մյուս 4 մարզիկները ստացան Hyundai մակնիշի մեքենաներ:

Արարողությանը ներկա չէր միայն Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ), որն այս օրերին վերականգնողական փուլ է անցնում ԱՄՆ-ում:

Միջոցառման ընթացքում NEWS.am Sport-ի թղթակից Լուսինե Շահբազյանը Գագիկ Ծառուկյանին հարցրեց, թե ինչու չեն պարգեւատրվում տարվա 10 լավագույն մարզիկների թվում ընդգրկված ջրացատկի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ Վլադիմիր Հարությունյանը եւ Լեւ Սարգսյանը, ինչպես նաեւ հեծանվասպորտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն Էդգար Ստեփանյանը, ինչից հետո Գագիկ Ծառուկյանը ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանին հանձնարարեց մեկական մեքենա նվիրել նաեւ այդ մարզիկներին: 

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանն էլ հիշեցրեց, որ լավագույն տասնյակում տեղ չի գտել հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը՝ նշելով, որ նա ուժեղ ու հեռանկարային ըմբիշ է: Դրանից հետո Գագիկ Ծառուկյանը հանձնարարեց մեքենա նվիրել նաեւ Կարեն Ասլանյանին:

Երեւանում բնակարան ստացավ նաեւ ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։