Գեղարդ Մուսասին վնասվածք է ստացել եւ չի մասնակցի չեմպիոնական մենամարտին

12:59   21 դեկտեմբերի, 2018

Bellator-ի միջին քաշային կարգի չեմպիոն, Հոլանդիայում բնակվող MMA-ի հայ մարտիկ Գեղարդ Մուսասին (Մովսեսյան) ստացել է մեջքի վնասվածք եւ չի մասնակցի ամերիկացի Ռաֆայել Լովատո կրտսերի հետ մենամարտին, հաղորդում է ESPN-ը:

Հայ մարտիկը տիտղոսը պետք է պաշտպաներ հունվարի 26-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ինգլվուդ քաղաքում: Վնասվածքի լրջության մասին տեղեկություն չկա, եւ դեռ հայտնի չէ, թե երբ կվերադառնա Մուսասին:

Հիշեցնենք, որ Մուսասին ու Լովատոն պետք է հանդիպենին Bellator 214 մրցաշարում, որի գլխավոր մենամարտը կանցկացվի ռուս Ֆյոդոր Եմելյանենկոյի ու ամերիկացի Ռայան Բեյդերի միջեւ:

35-ամյա Գեղարդ Մուսասին նախորդ մենամարտն անցկացրել էր սեպտեմբերի 29-ին ամերիկյան Սան Խոսեում՝ նոկաուտով հաղթելով կանադացի Ռորի Մաքդոնալդին: Նա Bellator-ի չեմպիոնական գոտին նվաճել էր մայիսին Լոնդոնում տեղի ունեցած մենամարտում, որում հաղթել էր բրազիլացի Ռաֆայել Կարվալյոյին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։