Աբրահամ Խաշմանյան. Չեմպիոնության համար պայքարելու խնդիր է դրվելու

21:46   18 դեկտեմբերի, 2018

«Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը խոսել է թիմի առաջիկա ծրագրերի եւ նպատակների մասին։

«Հունվարին մեկ շաբաթ նախապատրաստական մարզումներ կլինի, աստիճանական: Հունվարի 14-ից մինչև 21-ը կանցկացնենք առաջին հավաքը Ձորաղբյուրում` մեր մարզաբազայում, որտեղ պետք է լինեն այն բոլոր ֆուտբոլիստները, ովքեր մեզ հետ են լինելու ամբողջ տարվա ընթացքում: Անգամ այն լեգիոներները, որոնց հետ մենք կապ ենք հաստատել ու 99 տոկոսով պետք է միանան մեզ: Բոլորը թիմի հետ պետք է լինեն հենց առաջին հավաքից: Դա մեծ նշանակություն ունի:

Առաջին հավաքում խնդիրը դրվելու է բարձրացնել ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակը:Դրանից հետո կլինի կարճատև դադար, բայց չի նշանակում, որ խաղացողներին հանգիստ կտրվի, օրական մեկ մարզում կանցկացնենք, մինչև երկրորդ հավաքը:

Երկրորդ հավաքը նախատեսված է Սոչիում` հունվարի 24-ից փետրվարի 4-ը: Կլինենք Весна հյուրանոցում, որտեղ կա մեծ մարզաբազա: Այնտեղ նախատեսված է երկու ընկերական հանդիպում:

Այդ հավաքից հետո կլինի դադար, սակայն մարզումները շարունակվելու են: Այնուհետև կանցկացնենք երրորդ հավաքը: Կմեկնենք Կիպրոս փետրվարի 11-23-ը: Այնտեղ նույնպես ընկերական հանդիպումներ կլինեն:

Բնական է, որ չափից շատ ենք հետ մնացել մյուս թիմերից, չկանք նաև Գավաթի խաղարկությունում: Բուն խնդիրը` վեց ամսվա ընթացքում ամուր և հզոր թիմ ստեղծելն է, որը մեծ հարցեր կլուծի 2019/2020 մրցաշրջանում:

Անձամբ իմ կողմից խնդիր է դրվելու, պայքարել չեմպիոնության համար և բնական է խաղալ եվրագավաթներում: Այս խնդիրը լինելու է 2019/2020 մրցաշրջանում:

Այս վեց ամսվա ընթացքում պետք է կարողանանք ու վստահ եմ` կարող ենք ստեղծել շատ ուժեղ «Արարատ», որը կկատարի այդ խնդիրները»,– Խաշմանյանի խոսքը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։