Ռոստոմյան. ԱԻԲԱ-ի պահանջով Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում կանցկացվի նախագահի նոր ընտրություն

13:32   18 դեկտեմբերի, 2018

ԱԻԲԱ-ի պահանջով Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում պետք է անցկացվեն նախագահի նոր ընտրություններ:

Այդ մասին հայտարարել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, որն անդրադարձել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի շուրջ ստեղծված իրավիճակին:

«Հարգելի՛ հայրենակիցներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ
Սույն թվականի օգոստոսի 2-ին ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի խախտումներով ընտրություններից հետո ֆեդերացիայի շուրջ առաջացած աղմուկը տևական ժամանակ չէր հանդարտվում: 

Հայկական բռնցքամարտի անվանի ներկայացուցիչների բարձրացրած բողոքի պատճառով ԱԻԲԱ-ն (բռնցքամարտի միջազգային միություն) սկսեց օգոստոսի 2-ին կայացած ընտրությունների ուսումնասիրման գործընթաց: 

Այժմ քննությունն ավարտվել է, և ցավոք ինչպես կանխատեսել էի, ունենք ցավալի պատկեր: Քննության ավարտից հետո ԱԻԲԱ-ն հրապարակել է հետաքննության արդյունքները (կից ներկայացվում է), որում մասնավորապես նշվում է, որ տվյալ ընտրությունները կազմակերպվել են մի շարք խախտումներով, և չեն համապատասխանում ԱԻԲԱ-ի կանոնադրությանն ու կանոններին: 
Այդ իսկ պատճառով ԱԻԲԱ-ն պահանջում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հարգել ԱԻԲԱ-ի կանոնադրությունը և անցկացնել նոր ընտրություններ, որոնցում ԱԻԲԱ-ն կնշանակի նաև հատուկ հանձնակատար՝ ընտրությունների ընթացքին հետևելու համար, այլապես Հայաստանի ազգային ֆեդերացիան կհեռացվի բռնցքամարտի միջազգային միությունից:

Ինչպես իմ նախորդ հայտարարություններում այս առիթով նշել էի, մինչև վերոնշյալ քննությունը չավարտվեր, ոչ ոք իրավունք չուներ հանդես գալու վաղաժամ՝ ուստի և դատարկ հայտարարություններով՝ անդառնալի վնաս պատճառելով միջազգային ասպարեզներում Հայաստանի բռնցքամարտի բարի համբավին:

Հաշվի առնելով ԱԻԲԱ-ի որոշումը՝ ըստ որի ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ընտրությունները, դրա արդյունքում ընտրված ֆեդերացիայի նախագահը և ողջ կազմը լեգիտիմ չեն՝ ՀԱՕԿ-ը ԱԻԲԱ-ի հետ անմիջապես ձեռնամուխ է լինելու բանակցությունների սկսմանը՝ նոր լեգիտիմ ընտրությունների անցկացման գործընթացի նկատմամբ սահմանելով վերահսկողություն, որպեսզի դրանք անցկացվեն բացառապես ԱԻԲԱ-ի և ազգային ֆեդերացիայի կանոնադրությանն ու կանոններին համապատասխան»,- ֆեյսբուքյան էջում գրել է Ռոստոմյանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։