Հենրիխ Մխիթարյան. «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում արժանի էինք հաղթանակի

13:25   6 դեկտեմբերի, 2018

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 15-րդ տուրում իր նախկին ակումբ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ արտագնա ոչ ոքին 2:2 հաշվով:

«Շատ հիասթափված ենք, քանի որ պետք է հաղթեինք այս խաղում: Մենք արժանի էինք հաղթանակի: Մինչեւ վերջ փորձում էինք խփել երրորդ գոլը, սակայն չկարողացանք: Եթե նույնիսկ կա ֆիզիկական հոգնածություն, կարեւոր է պահպանել մտքի ու խելքի թարմությունը: Եթե դա հաջողվում է, ապա կարող ես ոտքերին ստիպել ենթարկվել քեզ եւ առավելագույն աշխատանք կատարել մինչեւ վերջ: Շատ էինք ցանկանում հաղթել «Օլդ Տրաֆորդում»: Հասկանում ենք, որ այստեղ հաղթելը միշտ բարդ է, սակայն, եթե ցանկանում ենք լինել լավագույն քառյակում, պետք է հաղթենք յուրաքանչյուր խաղում»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Արսենալի» կայքը:

Հիշեցնենք, որ Մանչեսթերում կայացած խաղում Հայաստանի հավաքականի ավագը փոխարինման դուրս եկավ ընդմիջմանը եւ դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացել է 2016-ի հուլիսից մինչեւ 2018-ի հունվարը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։