Արմեն Գյուլբուդաղյանցը՝ Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի մրցակիցների մասին

20:05   5 դեկտեմբերի, 2018

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղանցը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում վերլուծել է Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի մրցակիներին, նաև անդրադարձել է J խմբի խաղացանկին:

Իտալիայի մասին

Խմբի ակնհայտ ֆավորիտն Իտալիայի հավաքականն է: Նույնիսկ հաշվի առնելով իտալացիների՝ անհաջող ելութները վերջին շրջանում, մասնավորապես, աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս չգալը և Ազգերի լիգայի խմբում ընդամենը երկրորդ տեղ գրավելը, Իտալիան իրենից մեծ ուժ է ներկայացնում: Վիճակահանությունից հետո իտալացիների գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին նշեց, որ իրենց մոտ սերնդափոխություն է: Մենք իտալացիների հետ մրցել ենք 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում և կարծում եմ՝ վատ չենք խաղացել: Համեմատելով առաջին զամբյուղի մյուս թիմերի հետ՝ կարող եմ ասել, որ Իտալիան կոնկրետ այս պահի դրությամբ ամենասարսափելի մրցակիցը չէր, քանի որ այնտեղ կային նաև Ֆրանսիան, Բելգիան, Իսպանիան և այլն: Ամեն դեպքում, միայն այն, որ իտալացիներն առաջին զամբյուղում են ընդգրկված, ինքնին խոսուն է:

Բոսնիայի և Հերցեգովինայի մասին

Վերջին տարիներին շատ մեծ առաջընթաց գրանցած հավաքականներից է, որի կազմում կան եվրոպական բարձրակարգ ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստներ: Դիտել եմ իրենց հանդիպումներից մի քանիսը: Շատ արագ, ագրեսիվ ֆուտբոլ են խաղում և պատահական չէ, որ կարողացան հաղթել Ազգերի լիգայի իրենց խմբում և հաջորդ խաղարկությունում A դիվիզիոնում հանդես գալու իրավունք ձեռք բերել: Նրանց հետ մեր վիճակագրությունն առայժմ լավ չէ, բայց կփորձենք անպայման շտկել իրավիճակը:

Ֆինլանդիայի հավաքականի մասին

Սկանդինավյան թիմերին բնորոշ ֆուտբոլ խաղացող հավաքական է, որի կազմում, ի տարբերություն նախորդ տարիների, վառ անհատականություններ չկան, բայց այս թիմն աչքի է ընկնում թիմային խաղով: Ազգերի լիգայի՝ բավականին դժվար խմբում կարողացան գրավել առաջին տեղը՝ առաջ անցնելով Հունաստանից ու Հունգարիայից, ինչը նշանակում է, որ այս թիմը մեծ ներուժ ունի: Ֆինլանդիայի հետ պատմականորեն դժվար ենք խաղացել, բայց կարծում եմ, որ այս թիմի խաղաոճը ինչ-որ տեղ հարմար է մեզ, եթե կարողանանք նրանց դեմ խաղերում գնդակն ավելի շատ ներքևում պահել: Մյուս կողմից, դիտելով Ազգերի Լիգայում նրանց հանդիպումները, նկատել եմ, որ նրանց խաղարկմամբ ստանդարտները շատ վտանգավոր են, քանի որ ունեն շատ բարձրահասակ ֆուտբոլիստներ:

Հունաստանի հավաքականի մասին

ՀույներնԱզգերի լիգայում ընդգրկված էին հենց Ֆինլանդիայի հետ նույն խմբում և փաստորեն, զիջեցին նրանց առաջին տեղը:  Հունաստանի հավաքականի խաղում վերջին տարիներին անկում է նկատվում, բայց կարծում եմ՝ թիմը կամաց-կամաց կսկսի ավելի լավ խաղալ: Հունաստանը, հավանաբար Ռումինիայի հետ մեկտեղ, 4-րդ զամբյուղի թիմերից ամենաուժեղ մրցակիցն էր:

Լիխտենշտեյնի հավաքականի մասին

Այս թիմին ամենից լավն ենք ճանաչում, քանի որ բոլորովին վերջերս ենք խաղացել նրանց հետ:  Չնայած վերջին զամբյուղում լինելուն՝ բավականին լավ թիմ է և հատկապես սեփական հարկի տակ լավ ֆուտբոլ է ցուցադրում: Պետք է աշխատենք այս անգամ չկչկնել նախորդ անգամվա սխալները:

Ընդհանուր առմամբ, խմբի մասին

Կարծում եմ, որ շատ հետաքրքիր խումբ է: Կարող էր ավելի ուժեղ կամ թույլ խումբ բաժին հասնել,  բայց ունենք, այն, ինչ ունենք: Եթե նայենք, օրինակ Իսպանիայի կամ Ֆրանսիայի գլխավորած խմբերի կազմը, կարող ենք ասել, որ հայտվնել ենք շատ ավելի բարվոք խմբում: Համենայնդեպս, բոլոր թիմերի դեմ էլ կարելի է և պետք է պայքարել:

Խաղացանկի մասին

Ինչ վերաբերում է խաղացանկին, իհարկե, ցանկալի կլիներ սկսել Երևանում՝ մրցելով, օրինակ Լիխտենշտեյնի կամ Ֆինլանդիայի հետ, բայց, ընդհանուր առմամբ, խաղացանկից ևս բողոքելու տեղ չունենք: Շատ կարևոր է, որ ՈՒԵՖԱ-ի՝ եղանակային պայմաններից ելնելով նոր սահմանափակումների շնորհիվ Ֆինլանդիայի հետ արտագնա հանդիպումը չենք անցկացնելու մարտին կամ նոյեմբերին: Նույն Լիխտենշտեյնի հետ այս անգամ խաղալու ենք ոչ թե նոյեմբերին, այլ հոկտեմբերին, ինչը նույնպես դրական է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։