Հակոբ Սերոբյանի ամփոփումը՝ Գերմանիայից. Հայ մարմնամարզիկները՝ աշխարհի գավաթի խաղարկությունում

17:11   25 նոյեմբերի, 2018

Այս տարի մեր բախտը չբերեց, խոշոր մրցաշարերում մեդալներ չնվաճեցինք, այլ սահմանափակվեցինք միայն չորրորդ տեղեր գրավելով:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Գերմանիայից ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն՝ ամփոփելով աշխարհի գավաթի խաղարկության 8-րդ փուլը:

Գերմանիայի Գոթբուս քաղաքում կայացած մրցաշարում Հայաստանն ուներ 4 ներկայացուցիչ՝ Հարություն Մերդինյան, Արթուր Դավթյան, Արթուր Թովմասյան եւ Վահագն Դավթյան: Հարություն Մեդինյանն ու Արթուր Թովմասյանը դուրս էին եկել եզրափակիչ, սակայն մեդալ նվաճել չի հաջողվել:

«Հարություն Մերդինյանը եզրափակիչում լավ մասնակցեց, բարձր միավորներ ստացավ, բայց ավարտեց չորրորդ տեղի արդյունքով: Բանն այն է, որ եզրափակիչում Չինաստանի եւ Իրանի ներկայացուցիչները բարդացրեցին իրենց վարժություններն ու մեզանից բարձր միավորներ ստացան: Հարությունը գրավեց չորրորդ տեղը, բայց ես շատ գոհ եմ նրանից, քանի որ նա փայլուն հանդես եկավ այս մրցաշարում:

Արթուր Թովմասյանը օղակների վարժության եզրափակիչում ցատկի ժամանակ մեծ քայլ կատարեց եւ 6-րդ տեղ ընկավ:

Արթուր Դավթյանը որակավորման փուլը չէր հաղթահարել նախորդ օրը. հենացատկի վարժությունում ընկավ եւ թույլ չտվեցինք մյուս վարժություններին էլ մասնակցեր:

Ընդհանուր՝ գոհ եմ բոլորից, մասնավորապես, Հարություն Մերդինյանից: Մենք բարդարցել էինք Հարությունի վարժությունը եւ նա երկու օրն էլ փայլուն կատարեց այն: Մյուսների մասնակցության գնահատականը լավ է. արեցին իրենց հնարավորությունների չափով: Դժգոհ եմ Արթուր Դավթյանից, նա պետք է շատ լավ կատարեր իր վարժությունը հենացատկում, պետք է չընկներ:

Այստեղից մեկնում ենք Մոսկվա, որտեղ ունենք միջազգային մրցաշար: Կմասնակցեն Արթուր Դավթյանն ու Արթուր Թովմասյանը: Տարին կեզրափակենք Վորոնինի գավաթով դեկտեմբերի 10-14-ը:

Այս տարի մեր բախտը, փաստորեն, չբերեց: Բավարարվեցինք չորրորդ տեղերով, մեդալներ չունեցանք: Բայց չենք հուսահատվում, քանի որ մեզ համար կարեւորագույն տարին 2019-ն է՝ Եվրոպայի առաջնություն, երկրորդ Եվրոպական խաղեր, Ունիվերսիադա, աշխարհի առաջնություն ու աշխարհի գավաթի խաղարկության եւս երկու փուլ: Հույս ունեմ, որ 2019-ը մեզ համար մեդալային կլինի»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։