17:21 23 նոյեմբերի, 2018Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով ֆեդերացիայի գումարների յուրացման, խմբակային խարդախության մեղադրանքներով: Գործը հարուցված է ՀԹՖ գործող ղեկավարության նկատմամբ, ի դեմս՝ ֆեդերացիայի փոխնախագահ Վահրամ Ղահրամանյանի եւ թաեքվոնդոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գեւորգ Դանիելյանի:
Այս տեղեկությունը հաստատեց նաեւ Հայաստանի գլխավոր դատախազությունը:
«Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 179–րդ հոդվածի 2–րդ մասի 3–րդ կետի համաձայն։ Քրգործը հարուցվել է ոստիկանության կողմից, իսկ նախաքննությունը կիրականացնի Քննչական կոմիտեն»,– NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայում լարված իրավիճակ է. ֆեդերացիան պառակտված է, մի խումբ թաեքվոնդոիստներ, մարզիչներ, դժգոհում են գործող ղեկավարության անօրինականություններից: Միմյանց հանդեպ հնչող մեղադրանքները հիմնականում առնչվում են ՀԿ-ների մասին օրենքների խախտմանը, գումարների շորթմանն ու յուրացմանը: Ֆեդերացիայի գործող կազմի գործունեությունից բողոքող կողմը Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահության անդամ, Արցախի թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ, ՀԹՖ «Հվարանգ» ակումբի նախագահ Վրեժ Խաչիկյանն է: Նրա խոսքով, ֆեդերացիայի ղեկավար կազմը անօրինական գործունեություն է ծավալում:
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Վրեժ Խաչիկյանը հայտնել էր, որ մի շարք խարդախությունների եւ համակարգում կոռուպցիայի կասկածանքով Հայաստանի քննչական կոմիտե հաղորդում է ներկայացրել մի խումբ ծնողների հետ, որպեսզի ուսումնասիրվի Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի 2012 թվականից մուտք գործած ֆինանսների ծախսը:
Ֆեդերացիայի փոխնախագահ Վարդան Ղահրամանյանը հերքում է բոլոր մեղադրանքները եւ փաստում, որ ունի բոլոր ապացույցները, փաստաթղթերը՝ ֆեդերացիայի արդար եւ մաքուր գործունեության վերաբերյալ եւ որ ֆեդերացիա մուտք գործած ֆինանսներից ոչ մի լումա չի յուրացվել:
Քրեական գործը հարուզվել է քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ այն է՝ յուրացնել կամ վատնել խոշոր չափերով, որը պատժվում է նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից 1000-ապատիկ չափով կամ ազատազրկմամբ 2-5 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ ֆեդերացիայի նախագահը գեներալ Մանվել Գրիգորյանի որդին էր՝ Կարեն Գրիգորյանը, որի լիազորությունները լրացավ 2018 թվականի նոյեմբերի 4-ին: Նոր նախագահ դեռեւս չի ընտրվել, քանի որ ֆեդերացիան չի կարողանում համագումար հրավիրել՝ ստեղծված իրավիճակից ելնելով: Ի դեպ, ֆեդերացիայի պատվավոր նախագահը Մանվել Գրիգորյանն է:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.