Հայաստանի հավաքականը Ջիբրալթարում մարզվել է արհեստական խոտածածկով դաշտում

10:44   14 նոյեմբերի, 2018

Ջիբրալթար ժամանելուց անմիջապես հետո ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը թեթեւ մարզում է անցկացրել «Վիկտորիա» ստադիոնում: Մարզմանը մասնակցել են հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները, փոխանցում է ՀՖՖ կայքը:

«Վիկտորիան» համեմատաբար մեծ միակ մարզադաշտն է Ջիբրալթարում եւ գտնվում է օդանավակայանին այնքան մոտ, որ ամբողջ մարզման ընթացքում լսելի էին ինքնաթիռների թռիչքների եւ վայրէջքների ձայները: Ավելին, մարզման ընթացքում ինքնաթիռներից մեկը թռիչքի պատրաստվելիս արագություն էր հավաքում դարպասից մոտ 10-15 մետր հեռավորության վրա: 

Ջիբրալթար - Հայաստան հանդիպման օրը՝ խաղի ժամին, նախատեսված է առնվազն 2 թռիչք, ինչը սովորական երեւույթ է տեղաբնակների համար:

Մարզադաշտի խոտածածկն արհեստական է, իսկ շրջակա տարածքում մշտապես ուժեղ քամի է: Խաղի օրն օդերեւութաբանները խոստանում են անձրեւ:

Ջիբրալթար - Հայաստան Ազգերի լիգայի խմբային փուլի հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին՝ Երեւանի ժամանակով 23:45-ին: Երեւանում կայացած առաջին շրջանի խաղում Ջիբրալթարի հավաքականը հաղթել է նվազագույն հաշվով՝ տանելով իր պատմության առաջին հաղթանակը պաշտոնական խաղերում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։