«Լոռին» պատասխանել է Անդրեյ Տալալաեւի մեղադրանքին

19:44   11 նոյեմբերի, 2018

Վանաձորի «Լոռին» անդրադարձել է Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւի հայտարարությանը ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 16-րդ տուրի խաղից հետո: Վանաձորում կայացած «Լոռի» - «Փյունիկ» (0:1) հանդիպումից հետո ռուս մասնագետը նշել է, որ «Լոռիի» ֆուտբոլիստը հանդիպման ավարտից հետո հարվածել է «Փյունիկի» մարզիչներից մեկին:

«Լոռին» չի հերքել մեղադրանքը, սակայն նշել է, որ Անդրեյ Տալալաեւը եւս ոչ մարզակավ վարք է դրսեւորել հանդիպման ժամանակ:

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւը այսօր կայացած հանդիպման ավարտից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «Լոռիի» ֆուտբոլիստը խաղի ավարտից հետո հարվածել է «Փյունիկի» մարզիչներից մեկին։

Տեղեկացնում ենք, որ հանդիպման 68-րդ րոպեին, երբ «Լոռին» գոլի հեղինակ դարձավ, բայց մրցավարն արձանագրեց խաղից դուրս վիճակ, մեր ֆուտբոլիստ Ուդոհ Եթոպը, ով այդ պահին պահեստայինների նստարանին էր, մոտեցել է գոլը տոնելու, ինչի ընթացքում «Փյունիկի» մարզիչ Յուրի Նագայցեւը ռասիստական եւ վիրավորական արտահայտություններ է արել Ուդոհ Եթոպի հասցեին, ցույց է տվել վիրավորական ժեստեր, այդպիսով պրովոկացիայի ենթարկելով մեր ֆուտբոլիստին։ Միեւնույն ժամանակ, ամբողջ հանդիպման ընթացքում, խաղի կազմակերպման եւ կարգապահության մասին խոսող Անդրեյ Տալալաեւը պարբերաբար վիրավորական արտահայտություններ էր հնչեցնում տեխնիկական գոտուց, հայհոյանքներ ուղղում ոչ միայն խաղը սպասարկող մրցավարների, այլ ամբողջ մրցավարական կորպուսի հասցեին:

«Լոռի» ՖԱ-ն հորդորում է Անդրեյ Տալալաեւին այսուհետ հետեւել սեփական անձնակազմի աշխատակիցների վարքին, պահվածքին հանդիպման ժամանակ եւ դրա ավարտից հետո, հետեւել նաեւ սեփական վարքին տեխնիկական գոտում՝ ուրիշներին մատնանշելու եւ անպատասխանատու հայտարարություններ հնչեցնելու փոխարեն»,- ասվում է «Լոռիի» հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության 16-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 29 միավորով գլխավորում է «Ալաշկերտը», որից 2 միավոր հետ է երկրորդ տեղ բարձրացած «Փյունիկը»: «Բանանցը» 26 միավորով երրորդն է, իսկ 24 միավոր ունեցող «Լոռին» նահանջեց չորրորդ տեղ: «Շիրակն» ունի 19 միավոր, «Արարատ-Արմենիան»՝ 17, «Գանձասար-Կապանը»՝ 13, «Արցախը»՝ 12, իսկ հետնապահ «Արարատը»՝ 7:

Ազգային հավաքականների խաղերով պայմանավորված դադարի պատճառով Հայաստանի առաջնությունում հանդիպումներ չեն անցկացվի հաջորդ շաբաթ: Հաջորդ տուրը տեղի կունենա նոյեմբերի 24-ին եւ 25-ին: 17-րդ տուրը բաց կթողնի «Շիրակը»:

Ֆոտո՝ «Փյունիկի» մամուլի ծառայություն



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։