Խաշմանյանը՝ Խուանդե Ռամոսի սեմինարին մասնակցելու մասին

19:20   8 նոյեմբերի, 2018

Երեւանի «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը պատմել է Բրեստի «Դինամոյի» նախաձեռնությամբ Բելառուսում անցկացված սեմինարի մասին, որը վարել է Մադրիդի «Ռեալի», Լոնդոնի «Տոտենհեմի» եւ Մոսկվայի ԲԿՄԱ-ի նախկին գլխավոր մարզիչ Խուանդե Ռամոսը:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Բրեստի «Դինամոյին» հրավերի համար եւ Խուանդե Ռամոսին սեմինարի համար: Ամեն ինչ լավ էր կազմակերպված: Ամեն սեմինարը մեզ սովորեցնում է նոր բաներ, ավելացնում ենք մեր ֆուտբոլային գիտելիքները:

Սեմինարները սովորաբար անցկացվում են ֆեդերացիայի մակարդակով: Այս սեմինարը լավ օրինակ է, որ մենք ակումբային ֆուտբոլի մակարդակում էլ կարող ենք կազմակերպել:

Սեմինարներին մատուցվող վարժությունները շատ են: Մենք դրանք կիրառում ենք մեր պրակտիկայում, պետք է դրանք հասցնել ֆուտբոլիստներին»,- Խաշմանյանի խոսքը մեջբերում է Բրեստի «Դինամոյի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Խաշմանյանի բացակայությամբ «Արարատը» Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում 0:1 հաշվով պարտվեց «Բանանցին» եւ դուրս մնաց պայքարից: Առաջին խաղում «Արարատը» պարտվել էր 1:3 հաշվով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։