Ոստիկանները կանգնեցրել են այրվող ուղղաթիռին մոտենալ ցանկացող Կասպեր Շմեյխելին

13:45   2 նոյեմբերի, 2018

«Լեսթերի» դանիացի դարպասապահ Կասպեր Շմեյխելը եղել է անգլիական ակումբի սեփականատեր եւ նախագահ, թաիլանդցի գործարար Վիչայ Շրիվադհանապրաբհային պատկանող ուղղաթիռի կործանման ականատեսների թվում: «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլոդ Պյուելը պատմել է, որ Շմեյխելը ցանկացել է օգնության հասնել այրվող ուղղաթիռի ուղեւորներին, սակայն ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են նրան:

«Դա այդպես է, սակայն չեմ ցանկանում մանրամասներ հրապարակել: Կասպերը տեսել եւ վերապրել է սարսափելի բաներ: Այժմ նա թիմի մյուս բոլոր խաղացողների պես շատ տխուր է»,- մարզիչի խոսքը մեջբերում է Daily Express-ը:

Հիշեցնենք, որ ողբերգության պահին Վիչայ Շրիվադհանապրաբհայից բացի, ուղղաթիռում եղել էին նաեւ նրա գործընկերներ Նուսար Սուկնամաին ու Կավերպոն Պունպարը, օդաչու Էրիկ Սվաֆերը եւ ուղեւոր Իզաբելա Ռոզա Լեչովիչը: Ուղղաթիռում եղած հինգ մարդկացից ոչ ոք ողջ չէր մնացել:

Միջադեպի պատճառով հետաձգվել է «Լեսթերի» ու «Սաութհեմփթոնի» միջեւ գավաթային խաղը, որը նախատեսված էր անցկացնել հոկտեմբերի 30-ին:

Հիշեցնենք, որ ուղղաթիռը վթարի էր ենթարկվել «Լեսթեր» - «Վեստ Հեմի» Պրեմյեր լիգայի 10-րդ տուրի խաղից (1:1) հետո: Հոկտեմբերի 27-ին կայացած հանդիպումից հետո ուղղաթիռը օդ էր բարձրացել Լեսթերի «Քինգ Պաուեր» ստադիոնից, սակայն մի քանի րոպե անց վթարի էր ենթարկվել ու կործանվել ստադիոնի հարեւանությամբ:

Թաիլանդցի գործարարը 2010 թվականին է ձեռք բերել «Լեսթերը», որը 2015/16 մրցաշրջանում դարձավ Անգլիայի չեմպիոն: Շրիվադանապրաբահան Թաիլանդի ամենահարուստ մարդկանցից է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։