Ուսեյն Բոլթը հեռացավ «Սենթրալ Քոսթ Մարիներսից»

10:15   2 նոյեմբերի, 2018

Օլիմպիական խաղերի ութակի չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթը հեռացել է ավստրալական «Սենթրալ Քոսթ Մարիներս» ֆուտբոլային ակումբից: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ջամայկացի նախկին արագավազորդը հրաժարվել է պայմանագիր կնքել «Սենթրալ Քոսթ Մարիներսի» հետ, որը տարեկան 150 հազար դոլար աշխատավարձ էր առաջարկել նրան։ 32-ամյա Բոլթն ակնկալում էր ավելի բարձր աշխատավարձ։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Սենթրալ Քոսթ Մարիներսի» ղեկավարությանը, աշխատակազմին, խաղացողներին ու երկրպագուներին ինձ ջերմորեն ընդունելու համար: Ակումբին հաջողություն եմ մաղթում նոր մրցաշրջանում»,- Բոլթի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ 2017-ին աթլետի կարիերան ավարտած 32-ամյա Բոլթը սկսել է ֆուտբոլիստի կարիերա եւ վերջերս առաջին գոլերն էր խփել «Սենթրալ Քոսթ Մարիներսի» կազմում: Հոկտեմբերի 12-ին կայացած «Մաքարտուր Վեստ Կոս Յունայթեդի» դեմ Ավստրալիայի առաջնության նախամրցաշրջանային խաղում ջամայկացի նախկին արագավազորդը դարձել էր դուբլի հեղինակ: 57-րդ րոպեին Բոլթն առաջին գոլն է խփել պրոֆեսիոնալ ֆուտբոլում, իսկ 11 րոպե անց աչքի է ընկել եւս մեկ անգամ: «Սենթրալ Քոսթ Մարիներսը» հաղթել էր 4:0 հաշվով, իսկ նախկին աթլետն առաջին անգամ հանդես է եկել մեկնարկային կազմում:

Ուսեյն Բոլթն օգոստոսից է մարզվում ավստրալական ակումբում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։