Լեւոն Ջուլֆալակյան. Արսեն Ջուլֆալակյանը վաղուց ավարտած կլիներ կարիերան, եթե իր առջեւ չդներ օլիմպիական չեմպիոն դառնալու նպատակ

15:08   31 հոկտեմբերի, 2018

Արսեն Ջուլֆալակյանը վաղուց կավարտեր մարզական կարիերան, եթե իր առջեւ օլիմպիական ոսկե մեդալակիր դառնալու նպատակ չդներ: Նա կպայքարի Տոկիո-2020-ում օլիմպիական չեմպիոնի տիտղոսի համար:

Այս մասին հայտարարել է հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը՝ խոսելով իր որդու մասին: Լոնդոն-2012 օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը բաց թողեց Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հոկտեմբերի 21-28-ն անցկացված ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որի 77 կգ քաշային կարգում հանդես եկավ Կարապետ Չալյանը: ԱԱ-2018-ից առաջ Լեհաստանում տեղի ունեցած միջազգային մրցաշարի եզրափակիչում Կարապետ Չալյանն ուժեղ էր գտնվել Արսեն Ջուլֆալակյանից եւ այդ հաղթանակի շնորհիվ ընդգրկվեց Հայաստանի հավաքականի կազմում:

Թե ինչու է Արսեն Ջուլֆալակյանը պարտվում Կարապետ Չալյանին եւ դուրս մնում աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների կազմերից, Լեւոն Ջուլֆալակյանի մեկնաբանությունը հետեւյալն է.

«Կան ըմբիշներ, որոնք միասին մարզվելով լավ ճանաչում են միմյանց, գիտեն ուժեղ եւ թույլ կողմերը: Ճիշտ չի լինի, որ այժմ գովաբանական խոսքեր ասեմ Արսենի մասին, բայց իր անցած ճանապարհը, նվաճումները, բարձրակարգ ըմբիշ լինելը գիտեն բոլորը, նվաճած մեդալները՝ նույնպես: Հարցն իմ կողմից դրված էր այնպես, որ վերջին մրցաշարում ով հաղթի, նա էլ կընդգրկվի հավաքականի կազմում: Երեւի, սխալն ի՞մն է, բայց սա այն քաղաքականությունն է, որն ազատում է Արսեն Ջուլֆալակյանի՝ իմ որդին լինելու եւ առավելություն ունենալու փաստից: Կարապետ Չալյանը շատ նպատակասլաց եւ կամային հատկանիշներով ըմբիշ է, բայց կան որակական եւ տեխնիկական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Ամեն դեպքում, եթե մարզիկը հաղթում է ներքին առաջնությունում եւ հետո պարտվում միջազգային մրցաշարում, ամեն ինչ անիմաստ է դառնում: Միջազգային մրցահարթակում, Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում նվաճած մեդալն ավելի կարեւոր է, քան ներքին առաջնությունում տարած հաղթանակը: Արսեն Ջուլֆալակյանը լիարժեք մասնակցում է հավաքներին, մարզվում է: Նա կարող էր վաղուց ավարտել մարզական կարիերան, քանի որ արդեն ունի բոլոր բարձր կարգի մեդալները՝ մինչեւ Օլիմպիական խաղերի մեդալ: Բայց նա ունի իր առջեւ դրված խնդիր՝ նվաճել օլիմպիական ոսկե մեդալ: Միայն դրանից հետո Արսեն Ջուլֆալակյանը կավարտի մարզական կարիերան»,- ասաց Լեւոն Ջուլֆալակյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը 2 բրոնզե մեդալ էր նվաճել հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում, որում երրորդ տեղն էին գրավել Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) եւ Արթուր Շահինյանը (87 կգ): Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորած թիմի կազմում հանդես էին եկել նաեւ Նորայր Հախոյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (97 կգ), որոնք մեդալ չեն նվաճել: Ռիո-2016 Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով չէր ներկայացել բրոնզե մեդալի համար գոտեմարտին:

Մեդալային գոտեմարտերը Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) պաշտոնական ալիքի համար Բուդապեշտից մեկնաբանում էր Արսեն Ջուլֆալակյանը:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։