Լոնդոն-2012. Հայաստան՝ 20 տարի առանց օլիմպիական ոսկու

23:22   12 օգոստոսի, 2012

30-րդ Օլիմպիական խաղերը Հայաստանի համար ավարտված են։ Չորրորդ Խաղերն անընդմեջ Հայաստանը չեմպիոնական տիտղոս չի նվաճում։ Տեղին է ասել, որ Հին Օլիմպիական խաղերում եւ ժամանակակից Օլիմպիական խաղերի հիմնադիր-գաղափարախոսների համար չեմպիոնի տիտղոսից բացի այլ հասկացություն չի եղել. արծաթե եւ բրոնզե մեդալներն ընդամենը սփոփանք են պարտվածների համար։

Լոնդոնի Խաղերում Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը նվաճեց մեկ արծաթե եւ երկու բրոնզե մեդալ։ 1996թ. Ատլանտայի Օլիմպիական խաղերում ոսկի նվաճած Արմեն Նազարյանն առնվազն չորս տարի դարձյալ կլինի Հայաստանի միակ օլիմպիական չեմպիոնը (Արարատ-73-ի պատմության կրկնությունն է գրեթե. 20 տարի նոր օլիմպիական չեմպիոն չենք ունենալու)։

Պետք է խոստովանել, որ 1996-ից հետո Հայաստանի որեւէ մասնակցություն Օլիմպիական խաղերում լավ գնահատել չի կարելի։

30-րդ Օլիմպիական խաղերում նվաճած երեք մեդալներն էլ չեն կարող բավարար համարվել։ Ծանրամարտի կանանց մրցաշարում Հռիփսիմե Խուրշուդյանն անձնական քաշով անզոր էր պայքարել ոսկե եւ արծաթե մեդալների համար։ Իսկ բրոնզե մեդալ նա նվաճեց երրորդ տեղի համար պայքարում հիմնական մրցակցի՝ հարավկորեացի Մի-Ռան Յանգի վնասվածքի շնորհիվ։

Տղամարդ ծանրորդների ձախորդությունները սկսվեցին դեռ Խաղերից առաջ։ Տիգրան Մարտիրոսյանը վնասվածք ստացավ, իսկ պահեստային, 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանն անհասկանալի պատճառներով այդպես էլ չհայտավորվեց, թեկուզ հենց 69 կգ քաշային կարգում։ Նույն քաշային կարգում երկիրը կարող է մեկից ավելի մարզիկ հայտավորել։ Դժվարությամբ ձեռք բերած չորրորդ ուղեգիրը ծանրամարտի տղամարդկանց մրցաշարում Հայաստանը չօգտագործեց։ Որեւէ հոդաբաշխ պաշտոնական բացատրություն այդպես էլ չեղավ։ Ծանրորդների զրոների շքերթից եւ Նորայր Վարդանյանի 11-րդ տեղից հետո տրամաբանական կլիներ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի եւ հավաքականի գլխավոր մարզիչի հրաժարականի մասին հայտարարությունը։

Երկու լուսավոր կետերն են հունահռոմեական ոճի ըմբիշներ Արսեն Ջուլֆալակյանը եւ Արթուր Ալեքսանյանը։ Երիտասարդ ըմբիշները բնատուր տաղանդի, հորական հոգատարության, սեփական ուժի եւ մտքի հզորության շնորհիվ կարողացան անել այն, ինչ արեցին։ Ամենակարեւորն այն է, որ նրանք բնականոն ընթացքի դեպքում չորս տարի անց էլ կարող են հավակնել ոսկե մեդալի։ Լոնդոնում Արսեն Ջուլֆալակյանի փոխչեմպիոնի տիտղոսն ու Արթուր Ալեքսանյանի բրոնզե մեդալը կարող են բավարար արդյունք համարվել այդ մարզիկների համար։ Սակայն ընդհանուրի հետ համեմատության մեջ այդ արդյունքները նույնպես մտահոգության տեղ են թողնում։ Երկու ըմբիշներն էլ լավագույն մարզավիճակում հասել էին Օլիմպիական խաղերին, սակայն ոսկե մեդալը դարձյալ մնաց բաղձալի գագաթ։ Չորս տարվա աշխատանքը չի պսակվում տիտղոսով։ Իսկ օլիմպիական պատմությունում հիշվում են միայն չեմպիոնները, մեկ ոսկե մեդալն էլ 302-ական արծաթե ու բրոնզե մեդալներից ծանր է ոչ պաշտոնական մեդալային հաշվարկում։  

Ձյուդոիստներ Հովհաննես Դավթյանի 7-րդ տեղին, Արմեն Նազարյանի 1/8 եզրափակիչին, թաեքվոնդոիստ Արման Երեմյանի կիսաեզրափակիչին, ազատ ոճայիններ Միհրան Ջաբուրյանի եւ Դավիթ Սաֆարյանի քառորդ եզրափակիչներին եւ Հաջիմուրադ Նուրմագոմեդովի 1/8 եզրափակիչին, հունահռոմեական ոճի ըմբիշներ Հովհաննես Վարդերեսյանի 1/16 եզրափակիչին, Յուրի Պատրիկեեւի 1/8 եզրափակիչին կարելի է փորձել դրական կամ բացասական գնահատական տալ, բայց դրանք ներքին մասնագիտական վերլուծության համար են. վիճակագրության համար նրաք չեմպիոն չեն, մեդալակիր չեն։

Իսկ վիճակագրության համար Հայաստանի եւ հարեւան երկրների արդյունքների համեմատությունն է.

2012թ. Լոնդոն

30-րդ Օլիմպիական խաղեր

Հայաստան՝ 1 արծաթե, 2 բրոնզե մեդալ

Մեդալային հաշվարկ՝  60-րդ տեղ

Իրան՝ 4 ոսկի, 5 արծաթ, 3 բրոնզ – 17-րդ տեղ

Ադրբեջան՝ 2 ոսկի, 2 արծաթ, 6 բրոնզ – 29-րդ տեղ

Թուրքիա՝ 2 ոսկի, 2 արծաթ, 1 բրոնզ – 31-րդ տեղ

Վրաստան՝ 1 ոսկի, 3 արծաթ, 3 բրոնզ – 37-րդ տեղ

----------

Անկախ Հայաստանը նախորդ Օլիմպիական խաղերում

 

2008թ. Պեկին

29-րդ Օլիմպիական խաղեր

Հայաստան` 6 բրոնզե մեդալ

Մեդալային հաշվարկ` 80-րդ տեղ

Ռոման Ամոյան (հունահռոմեական ըմբշամարտ, 55 կգ)` 3-րդ տեղ

Յուրի Պատրիկեեւ (հունահռոմեական ըմբշամարտ, 120 կգ)` 3-րդ տեղ

Հրաչիկ Ջավախյան (բռնցքամարտ, 63 կգ)` 3-րդ տեղ

Տիգրան Գեւորգի Մարտիրոսյան (ծանրամարտ, 69 կգ)` 3-րդ տեղ, երկամարտ` 338 կգ

Գեւորգ Դավթյան (ծանրամարտ, 77 կգ)` 3-րդ տեղ, երկամարտ` 360 կգ

Տիգրան Վարդանի Մարտիրոսյան (ծանրամարտ, 85 կգ)` 3-րդ տեղ, երկամարտ` 380 կգ

-----

2004թ. Աթենք

28-րդ Օլիմպիական խաղեր

Հայաստան՝ առանց մեդալի

-----

2000թ. Սիդնեյ

27-րդ Օլիմպաիական խաղեր

Հայաստան` 1 բրոնզե մեդալ

Մեդալային հաշվարկ` 74-րդ տեղ

Արսեն Մելիքյան, ծանրամարտ, 77 կգ. 3-րդ տեղ. Երկամարտ` 365 կգ

-----

1996թ. Ատլանտա

26-րդ Օլիմպիական խաղեր

Հայաստան` 1 ոսկե, 1 արծաթե մեդալ

Մեդալային հաշվարկ` 47-րդ տեղ

Արմեն Նազարյան (հունահռոմեական ըմբշամարտ, 60 կգ)` 1-ին տեղ

Արմեն Մկրտչյան (ազատ ոճի ըմբշամարտ, 52 կգ)` 2-րդ տեղ

32 մասնակից (30 տղամարդ, 2 կին), 11 մարզաձեւ

------

1992թ. Բարսելոնա

25-րդ Օլիմպիական խաղեր

Հայաստան (ԱՊՀ միացյալ թիմում)` 3 ոսկե, 1 արծաթե մեդալ

Մնացական Իսկանդարյան (հունահռոմեական ըմբշամարտ, 75 կգ)` 1-ին տեղ

Իսրայել Միլիտոսյան (ծանրամարտ, 70 կգ)` 1-ին տեղ

Հրաչյա Պետիկյան (հրաձգություն, կարճափող հրացան, երեք դիրքից, 50 մետր)` 1-ին տեղ

Ալֆրեդ Տեր-Մկրտչյան (հունահռոմեական ըմբշամարտ, 54 կգ)` 2-րդ տեղ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։