ՀՖՖ-ն ոստիկանության ուշադրությունն է հրավիրում Արտյոմ և Արարատ Առաքելյանների վարքի վրա

19:51   29 հոկտեմբերի, 2018

Հոկտեմբերի 22-ին Երևանի ֆուտբոլի 2018/2019 թթ. մինչև 10 տարեկանների առաջնության «Փյունիկ-2-09»-«Բանանց-1-09» խաղի ժամանակ գրանցվել է միջադեպ, որի ընթացքում «Բանանց-1-09» թիմի գլխավոր մարզիչ Արտյոմ Առաքելյանը հայհոյել և հարվածել է հանդիպման մրցավարին: ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 32-րդ կետի համաձայն` Բանանց ՖԱ ակումբի մարզիչ Արտյոմ Առաքելյանը հայտարարվել է «անցանկալի անձ» («պերսոնա նոն գրատա»), համապատասխան պատիժ են ստացել «Բանանց» և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբները:

Հանդիպման ընթացքում մրցավարին հարվածել է նաև Արտյոմ Առաքելյանի եղբայրը՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արարատ Առաքելյանը, որն ընդհանրապես հայտավորված չի եղել հանդիպմանը որպես պաշտոնատար անձ:

Միջադեպի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են հայտնել հանդիպման մրցավարը, «Բանանց» և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբները, «Բանանց-1-09» թիմի գլխավոր մարզիչ Արտյոմ Առաքելյանը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խստորեն դատապարտում է միջադեպի մասնակից Արտյոմ և Արարատ Առաքելյանների պահվածքը՝ այն համարելով անթույլատրելի: Միջադեպը քննարկվելու է ՀՖՖ Գործկոմի առաջիկա նիստում, և մեղավորները ստանալու են ամենախիստ պատիժները: Հրավիրում ենք ՀՀ Ոստիկանության ուշադրությունը տեղի ունեցածի վրա:

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։