Հայ ֆուտբոլային մարզիչները մեկնում են Շվեյցարիա. UEFA PRO Licence Student Exchange ծրագիր

23:12   19 հոկտեմբերի, 2018

Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկել է ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի երկրորդ մոդուլը, որի ծրագրի մեջ մտնում են 2018թ. աշխարհի առաջնության խմբային վերլուծությունը, անցումը պաշտպանությունից հարձակման և հակառակը, ինչպես նաև այնպիսի թեմաներ, ինչպիսիք են խաղի կանոնները, սկաուտինգը, մեդիա ուսուցումը, հռետորական արվեստը, բարոյագիտությունը և էթիկան, գրասենյակի կազմակերպումը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Դասընթացին մասնակցում են Ա արտոնագիր ունեցող 13 մարզիչներ Հայաստանից, Սերբիայից եւ Իտալիայից. Արթուր Ասոյանը, Վահե Գևորգյանը, Արթուր Հովհաննիսյանը, Պատրիկ Պապյանը, Էդգար Թորոսյանը, Մանուկ Սարգսյանը, Տիգրան Թադևոսյանը, Հայկ Հովհաննիսյանը, Ավետիս Օհանյանը, Ռադոմիր Կոկովիչը (Սերբիա), Զելկո Մարկովը (Սերբիա), Դեյան Պետկովիչը (Սերբիա), Միկելե Բոնը (Իտալիա):

Հոկտեմբերի 22-ին այս մարզիչները, ինչպես նաև ՀՖՖ հրահանգիչներ Աշոտ Ավետիսյանը, Սուրեն Չախալյանը, Արմեն Սանամյանը՝ պատվիրակության ղեկավար, ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Վահան Բերակչյանի գլխավորությամբ, կմեկնեն Շվեյցարիայի Նյոն քաղաք, որտեղ Խորվաթիայի, Վրաստանի և Լիտվայի մարզիչների հետ կմասնակցեն UEFA PRO Licence Student Exchange ծրագրին:

ՀՖՖ Մարզչական ՊՐՈ արտոնագրի հերթական մոդուլը կկայանա նոյեմբերին, իսկ դասընթացը կավարտվելի 2019 թ. հոկտեմբերին, երբ մասնակիցները կհանձնեն ավարտական քննությունները։ 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։