Արթուր Վանեցյան. Երբեք չեմ երազել դառնալ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ

14:21   16 հոկտեմբերի, 2018

ՀՖՖ նորընտիր նախագահ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անհաջող ելույթներին ու հայկական ֆուտբոլի խնդիրներին:

«Ջիբրալթարից կրած պարտությունը խայտառակ պարտություն էր: Ընդհանրապես չեմ ցանկանում նախկինների մասին ինչ-որ բան խոսել, բայց ստիպված եմ բարձրաձայնել: Այո, 20 տարվա փչացրածը 20 օրում չի լինում: Մեր ազգային հավաքականն այսօր ամենալավ վիճակում չէ, կարող եմ բերել տարբեր պատճառներ: Մեր ֆուտբոլասեր հանրությանն ու ժողովրդին կոչ եմ անում զինվել համբերությամբ՝ չնայած մեզ մշտապես մեղադրում են, որ ասում ենք համբերեք: Իրականում, պետք է համբերել: Ֆուտբոլից հասկացողները շատ լավ հասկանում են, որ մենք չենք կարող օդից ունենալ Մեսիներ կամ Ռոնալդուներ:

Երեկ հանդիպել եմ ֆուտբոլիստների հետ եւ ասել եմ, որ դուխները տեղը պահեն, պինդ լինեն, չընկճվեն, ամոթ է, որ պարտվել ենք Ջիբրալթարին, շատ ամոթ է, դա խայտառակություն է, ես այդպես եմ գնահատում: Սակայն ունենք այն, ինչ ունենք:

ՈւԵՖԱ-ն դեռ չի հայտնել Ջիբրալթարի դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի տուգանքի չափը, սակայն 100 հազար եվրոյի վերաբերյալ տեղեկությունը սխալ է: Ամեն դեպքում, եթե մեզ տուգանեն նույնիսկ 10 հազար եվրո, դա ֆեդերացիայի համար մեծ ճոխություն է: Մենք չենք կարող թույլ տալ, որ որոշ խմբերի կողմից կատարված խուլիգանությունը ֆեդերացիային կանգնեցի մեծ ծախսերի առջեւ: Ֆեդերացիան ունի բավականին նորմալ ֆինանսական միջոցներ, չեմ ասի, որ շատ է, բայց վճարման հետ կապված խնդիրներ չեն լինի:

Մեզ 4-5 տարի է պետք շոշափելի արդյունքներ ունենալու համար: Մինչեւ մեր այսօրվա 13, 14, 15 տարեկան երեխաները չդառնան 18 տարեկան եւ չսկսեն խաղալ ֆուտբոլ, մենք շոշափելի արդյունքներ չենք ունենա: Մեր հավաքականի տղաներին երեկ խնդրել եմ խավաքվել եւ ցույց տալ լավ ֆուտբոլ: Եթե նրանք ցուցաբերեն կամային հատկանիշներ, ապա մենք կարող ենք ունենալ լավ արդյունք: Ես ապրում եմ մեր հավաքականով եւ շատ վատ եմ տանում անհաջողությունները, չեմ կարողանում գիշերը քնել:

Ինչ վերաբերում է Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելուն, ապա այդ անձնագիրը տրամադրվում է օրենքով եւ, որքանով ես գիտեմ, Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագիր չի հասնում: Հենրիխ Մխիթարյանը երբեւիցե ինձ չի դիմել նման հարցով, որ դա դժվարություն է իր համար: Հենրիխի մայրը ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ է եւ մշտապես հաղորդակցվում ենք: Եթե նրա մայրն այդպիսի հարց բարձրացներ, մենք կքննարկեինք: Ինձ հետ այդպիսի հարց չի քննարկվել: Ես չեմ նախաձենռի անձնագիրը վերադարձնելու հարցը, քանի որ նման հարցով ինձ չեն դիմել: Եթե կարիքը լիներ, ինձ կդիմեին:

Ջիբրալթարի դեմ խաղում սխալ հիմն միացնողները պատժվել են: Այդ խաղը կարծես սեւ թուղթ լիներ՝ պարտվեցինք, սխալ հիմն միացրեցին, ՖԱՖ-ն ու Red Eagles-ը ծեծեցին իրար, շշեր նետեցին դաշտ. որքան վատ բան կար, այդ օրը եղավ: Բայց դա շատ լավ էր, որ այդ ամենը եղավ, քանի որ հայելու նման այդ ամեն ինչը եկավ մեր դիմաց եւ մենք գիտենք՝ ինչ պետք է անենք: Կմշակվի անվտանգության հայեցակարգ եւ այլն: Մարզադաշտի վիճակը հիմա շատ վատ է՝ սկսած տոմսերի վիճակից: Այդ ամենը պետք է շտկել:

Ինչ վերաբերում է Հենրիխ Մխիթարյանի եւ Յուրա Մովսիսյանի միջեւ կոնֆլիկտի մասին լուրերին, այդպիսի բան չկա»,- ասաց Արթուր Վանեցյանը:

ՀՖՖ նախագահը պատասխանել է նաեւ իր հրաժարականի մասին հարցին.

«Եթե պահանջեք, կարող եմ հրաժարական տալ: Ֆուտբոլի ֆեդերացիան ինքնանպատակ չի եղել ինձ համար, որ ես ամբողջ կյանքում ցանկացել եւ երազել եմ դառնալ ՀՖՖ նախագահ: Ինչ-ինչ հանգամանքների բերումով ստացվեց այնպես, որ ինձ առաջարկվեց գլխավորել ֆուտբոլի ֆեդերացիան: Եթե անկեղծ լինենք, մարդու համար հաճելի չէ, երբ իր մասին բացասական բաներ են խոսում կամ գրում: Այս ֆուտբոլից հետո ինչ ասես գրում են իմ մասին: Ես մեծ սիրով ու պատրաստակամությամբ եմ ղեկավարում ֆուտբոլի ֆեդերացիան, բայց չի եղել, որ ես նպատակ եմ ունեցել դառնալ ֆեդերացիայի նախագահ: Եկեք տարանջատենք սա: Ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, մի օր անպայման կանդրադառնամ դրան»,- ասաց ՀՖՖ նախագահը:

Հիշեցնենք, որ նախօրեին Արթուր Վանեցյանը ներկա էր եղել Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզմանը Երեւանի «Հանրապետական» ստադիոնում: Մարզումից առաջ նա նաեւ զրուցել էր ֆուտբոլիստների հետ:

Հայաստանի հավաքականը պատրաստվում է մակեդոնացիների դեմ Ազգերի լիգայի չորրորդ տուրի հանդիպմանը, որը կկայանա հոկտեմբերի 16-ին «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին: Հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը Երեւանում նվազագույն հաշվով պարտվել էր Ջիբրալթարի հավաքականին, որն իր պատմության մեջ առաջին հաղթանակը տարավ պաշտոնական խաղերում:

Հայաստանի եւ Մակեդոնիայի հավաքականիների միջեւ առաջին շրջանի խաղում մակեդոնացիները տնային հաղթանակ են տարել 2:0 հաշվով եւ 9 միավորով գլխավորում են D դիվիզիոնի չորրորդ խումբը: Հայաստանի, Լիխտենշտեյնի ու Ջիբրալթարի հավաքականներն ունեն 3-ական միավոր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։