Արթուր Վանեցյան. Չի կարող 20 տարվա փչացրածը 20 օրում շտկվել

18:48   15 հոկտեմբերի, 2018

Յուրի Ջորկաեֆը չունի պրոֆեսիոնալ մարզիչի որակավորում եւ չի կարող ղեկավարել մեր ազգային թիմը: Այս մասին հայտարարել է ՀՖՖ նորընտիր նախագահ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզմանը Երեւանի «Հանրապետական» ստադիոնում ներկա էր նաեւ Արթուր Վանեցյանը, որը պատասխանեց լրագրողների հարցերին:

«Ֆուտբոլիստների հետ քննարկեցինք մեր հետագա անելիքները, վաղվա խաղը, նրանց մաղթեցինք լավ հանդիպում: Մաղթեցինք լավ տրամադրություն, որպեսզի տրամադրվեն եւ լավ խաղան:

Ջիբրալթարի դեմ խաղի արդյունքը բոլորդ տեսաք: Չնայած պարտվել ենք, սակայն եթե նայենք մասնագիտական վիճակագրությունը, ապա կտեսնենք, որ լավ խաղ ենք ցույց տվել, սակայն ունենք պարտություն: Պատճառները քննարկել ենք շատ խորը, ենթարկել ենք մասնագիտական վերլուծության եւ, կարծում եմ, առաջիկայում կներկայացնենք երկարաժամկետ ծրագիր, որի մասին ես բարձրաձայնել եմ իմ ընտրվելու օրը:

Այդ ծրագրով կզարգացնենք մեր մանկապատանեկան ֆուտբոլը եւ կունենանք ֆուտբոլիստների մեծ թվաքանակ, որոնցից մարզիչը կկարողանա ընտրել ազգային հավաքականի անդամներին:

Փորձել եմ ոգեշնչել մեր մարզիչին, ասել եմ, որ չընկճվի, բոլոր ուժերը ներդնի վաղվա խաղում: Հուսով եմ, որ վաղը կունենանք լավ արդյունք:

Երկարաժամկետ ծրագիրն արդեն գրվում է եւ առաջիկայում պատրաստ կլինի: Ծրագիր գրելը շատ բարդ գործ է, առաջիկայում կներկայացնենք: Այդ ծրագրի առաջին պտուղները կտեսնենք 4-5 տարի հետո:

Ֆուտբոլը շատ զգայուն թեմա է, եւ մեր ազգը շատ ծանր է տանում: Եթե սովորական երկրպագուն շատ ծանր է տանում, պատկերացրեք, թե ինչ ծանր ենք տանում մենք: Հայաստանում կա մոտ 120 պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որոնցից պետք է կազմենք հավաքական:

Մոլուցքի պես մի բան կա, որ ամբողջ աշխարհով փնտրում ենք հայ ֆուտբոլիստների, որպեսզի նրանց բերենք թիմ՝ առանց գնահատելու, լավն է, թե վատը: Տեսնում ենք լավն է, փորձում ենք համոզել եւ բերել հավաքական: Երբեմն լինում են դրական արդյունքներ, երբեմն՝ ոչ:

Դիմում եմ ժողովրդին եւ խնդրում եմ, որ լցվեն համբերությամբ եւ վստահեն մեզ: Առաջիկայում կտեսնեք գործուն քայլեր եւ կարճ ժամանակից՝ 4-5 տարի հետո, կունենանք արդյունք, որը կերեւա մեր հավաքականներում:

Շատ ցավալի է, որ երիտասարդական հավաքականներում չունենք այն սերունդը, որը պետք է փոխվի: Ունենք այն, ինչ ունենք:

Յուրի Ջորկաեֆի հետ հանդիպել եմ: Նա չունի պրոֆեսիոնալ մարզիչի որակավորում եւ չի կարող ղեկավարել մեր ազգային թիմը: Մենք այսօր ունենք մարզիչ, որը շատ փորձառու է եւ պետք չէ թերագնահատել Արմեն Գյուլբուդաղյանցի պրոֆեսիոնալ հատկանիշները: Նա աճեցրել է մեծ սերունդ ու լավ ֆուտբոլիստներ: Կարծում եմ՝ բոլորս պետք է վստահենք Արմեն Գյուլբուդաղյանցին եւ ակնկալենք արդյունքներ: Էլի եմ ասում, որ հրաշքներ չեն լինելու: Չի կարող 20 տարվա փչացրածը 20 օրում շտկվել: Հավատացեք, որքան դուք եք մտածում, 10 անգամ ավելի մենք ենք մտածում այդ հարցի շուրջ: Ամենակարեւորը, որ պետք է ունենանք զարգացման հստակ ծրագիր, որի շնորհիվ կունենանք բազմաթիվ ֆուտբոլիստներ ու ընտրության հնարավորություն:

Ամենակարեւորն այն է, որ ունենանք շատ ֆուտբոլիստներ, ֆուտբոլով զբաղվող շատ մարդիկ: Պետք է զարգանա մանկապատանեկան ֆուտբոլը եւ հասնենք մի մակարդակի, որ մարզիչն ունենա մեծ ընտրության հնարավորություն:

Չեմ ցանկանա քննադատել մեր հավաքականին, բայց եթե օբյեկտիվ լինենք, դիտում ենք խաղը եւ արդյունքները ու տեսնում ենք, որ շատ չի բավարարում այդ արդյունքների համար: Այսինքն՝ այն քննադատությունը, որը հնչում է ֆուտբոլասեր հասարակության ու մասնագետների կողմից, դա հասկանալի է»,- ասել է Արթուր Վանեցյանը:

Հիշեցնենք, որ Հայաստան - Մակեդոնիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 16-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին: Հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը Երեւանում նվազագույն հաշվով պարտվել էր Ջիբրալթարի հավաքականին, որն իր պատմության մեջ առաջին հաղթանակը տարավ պաշտոնական խաղերում:

Հայաստանի եւ Մակեդոնիայի հավաքականիների միջեւ առաջին շրջանի խաղում մակեդոնացիները տնային հաղթանակ են տարել 2:0 հաշվով եւ 9 միավորով գլխավորում են D դիվիզիոնի չորրորդ խումբը: Հայաստանի, Լիխտենշտեյնի ու Ջիբրալթարի հավաքականներն ունեն 3-ական միավոր:

Դավիթ Եղիազարյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.