Գեւորգ Ղազարյան. Պետք է լրագրողներին ու երկրպագուներին խնդրեմ միասնական լինել

17:37   15 հոկտեմբերի, 2018

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ պորտուգալական «Շավիշի» կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը մակեդոնացիների դեմ Ազգերի լիգայի չորրորդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսում պատասխանեց լրագրողների հարցերին:

«Նախորդ խաղից հետո թիմում մթնոլորտը իրար հետ վերաբերմունքի առումով նորմալ է, սակայն բոլորս շատ տխուր ենք նախորդ արդյունքի համար: Դրա վերաբերյալ երկար մտածելու ժամանակ չունենք եւ պետք է պատրաստվենք հաջորդ խաղին, որպեսզի լավ արդյունքի հասնենք:

Երկրպագուների հետ հանդիպում եղել է, քննարկել ենք խաղը: Նորմալ հանդիպում էր, նրանք իրենց կարծիքը հայտնեցին, իսկ մենք՝ մերը:

Մակեդոնիայի հավաքականը ծանոթ թիմ է: Նրանք ունեն ամուր թիմ: Տան պատերը միշտ օգնում են, երկրպագուներն էլ լավ աջակցություն ցուցաբերեցին նախորդ խաղում, սակայն չկարողացանք հասնել հաղթանակի: Հիմա շատ դժվար պահ է մեզ համար, այս արդյունքի համար չկա մեկ մեղավոր: Պետք է լրագրողներին ու երկրպագուներին խնդրեմ միասնական լինել, քանի որ այս իրավիճակից դուրս գալու միակ տարաբերակն է դա»,- ասաց 30-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Հայաստան - Մակեդոնիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 16-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին: Հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը Երեւանում նվազագույն հաշվով պարտվել էր Ջիբրալթարի հավաքականին, որն իր պատմության մեջ առաջին հաղթանակը տարավ պաշտոնական խաղերում:

Հայաստանի եւ Մակեդոնիայի հավաքականիների միջեւ առաջին շրջանի խաղում մակեդոնացիները տնային հաղթանակ են տարել 2:0 հաշվով եւ 9 միավորով գլխավորում են D դիվիզիոնի չորրորդ խումբը: Հայաստանի, Լիխտենշտեյնի ու Ջիբրալթարի հավաքականներն ունեն 3-ական միավոր:

Դավիթ Եղիազարյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։