Ուսեյն Բոլթը դժգոհ է, որ իրենից պահանջել են դոպինգ թեստ հանձնել Ավստրալիայում (ֆոտո)

16:11   15 հոկտեմբերի, 2018

Օլիմպիական խաղերի ութակի չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթը զարմացած է, որ Ավստրալական հակադոպինգային գործակալությունը (ASADA) պահանջել է հանձնել դոպինգ թեստ: 2017-ին աթլետի կարիերան ավարտած 32-ամյա ջամայկացին սկսել է ֆուտբոլիստի կարիերա եւ վերջերս առաջին գոլերն էր խփել ավստրալական «Սենթրալ Քոսթ Մարիներս» ֆուտբոլային ակումբի կազմում:

«Ես հրաժեշտ եմ տվել աթլետիկային, որպեսզի դառնամ ֆուտբոլիստ: Ինչո՞ւ պետք է հանձնեմ դոպինգ թեստ: Ես դեռ պրոֆեսոինալ ֆուտբոլիստ չեմ: Ես հակադոպինգային գործակալության ներկայացուցիչին հարցրեցի, թե ինչու պետք է անցնեմ դոպինգ ստուգում, եթե դեռ պայմանագիր չեմ կնքել ակումբի հետ: Ինձ ասացին, որ պետք է անեմ դա, քանի որ բարձր մակարդակի մարզիկ եմ: Դե ինչ, լավ»,- Ինստագրամում գրել է Բոլթը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին կայացած «Մաքարտուր Վեստ Կոս Յունայթեդի» դեմ Ավստրալիայի առաջնության նախամրցաշրջանային խաղում ջամայկացի նախկին արագավազորդը դարձել էր դուբլի հեղինակ: 57-րդ րոպեին Բոլթն առաջին գոլն է խփել պրոֆեսիոնալ ֆուտբոլում, իսկ 11 րոպե անց աչքի է ընկել եւս մեկ անգամ: «Սենթրալ Քոսթ Մարիներսը» հաղթել է 4:0 հաշվով, իսկ նախկին աթլետն առաջին անգամ հանդես է եկել մեկնարկային կազմում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։