Gol.mk. Հենրիխ Մխիթարյանն ու Յուրա Մովսիսյանը լավ հարաբերությունների մեջ չեն

13:30   15 հոկտեմբերի, 2018

Մակեդոնական Gol.mk կայքը ֆուտբոլի Հայաստանի եւ Մակեդոնիայի հավաքականների միջեւ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի չորրորդ տուրի հանդիպումից առաջ անդրադարձել է հայկական թիմի անհաջող ելույթներին:

«Հենրիխ Մխիթարյանն ու Յուրա Մովսիսյանը լավ հարաբերությունների մեջ չեն, ինչն անդրադառնում է Հայաստանի հավաքականի խաղի վրա: Ջիբրալթարի հավաքականից կրած պարտությունից հետո հայկական լրատվամիջոցները գտան բազմաթիվ խնդիրներ:

Մխիթարյանն ու Մովսիսյանը ոչ միայն չեն խոսում իրար հետ, այլեւ չեն համագործակցում խաղադաշտում, իսկ մեր վաղվա մրցակցի խաղը կառուցվում է նրանց շուրջ:

Մարզչական փոփոխությունը ոչինչ չտվեց, եւ այս ընտրական փուլն ավարտված է հայերի համար: Սպասվում է, որ Ջիբրալթարի հավաքականի դեմ խաղի համեմատ վաղվա խաղում 4-5 փոփոխություն կլինի հայկական թիմի մեկնարկային կազմում»,- գրում է կայքը:

Հիշեցնենք, որ Հայաստան - Մակեդոնիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 16-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում  եւ կսկսվի ժամը 20:00-ին: Հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը Երեւանում նվազագույն հաշվով պարտվել էր Ջիբրալթարի հավաքականին, որն իր պատմության մեջ առաջին հաղթանակը տարավ պաշտոնական խաղերում:

Հայաստանի եւ Մակեդոնիայի հավաքականիների միջեւ առաջին շրջանի խաղում մակեդոնացիները տնային հաղթանակ են տարել 2:0 հաշվով եւ 9 միավորով գլխավորում են D դիվիզիոնի չորրորդ խումբը: Հայաստանի, Լիխտենշտեյնի ու Ջիբրալթարի հավաքականներն ունեն 3-ական միավոր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։