Օլիմպիական Դավիթ Սաֆարյան. Գոտեմարտի մեջ պետք է դնես ամեն ինչ՝ հոգի, ջանք, ցանկություն, ունակություն

14:06   11 օգոստոսի, 2012

«Մեկ անգամ փորձեցի Ռուսաստանի թիմի կազմում մասնակցել Օլիմպիական խաղերին,  բայց չստացվեց։ Հայաստանն ինձ հնարավորություն տվեց մասնակցել, ինչի համար ես շատ ուրախ եմ։ Կփորձեմ բոլորի հույսերը արդարացնել»։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց 66 կգ քաշային ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը։

Դավիթը մրցագորգ դուրս կգա Օլիմպիական խաղերի վերջին օրը։ Նա Հայաստանի վերջին մասնակիցն է։

Դավիթ դու Հայաստանի «վերջին հույսն» ես, վերջին մասնակիցը 30-րդ Օլիմպիական խաղերում։ Ինչպե՞ս ես տրամադրված քո գոտեմարտին։

Տրամադրությունս հիանալի է։ Անցել եմ երեք հավաք Խաղերից առաջ։ Իսկ դա նշանակում է, որ մարզավիճակս հիանալի է։ Այս պահին լավ եմ զգում, մարզումներս անցել են առանց վնասվածքների եւ հոգնածության։ Խուսափում էի հոգնածությունից՝ չստացվեր այնպես, որ մարզումներից հոգնած դուրս գայի գորգ։ Հիմա փորձում եմ մի փոքր հանգստանալ, որպեսզի օլիմպիական ասպարեզ դուրս գամ գորգին կարոտած։

Ի՞նչ հույսեր ունես։ Ի՞նչ մեդալի ակնկալիք ունես։

Յուրաքանչյուր մարզիկ Օլիմպիական խաղերին պետք է գնա միայն ոսկու ետեւից։ Չգիտեմ՝ ինչպես կստացվի։ Ցանկությունս մեծ է, ակնկալիքներս՝ եւս։ Մնացածն Աստծո ձեռքն է։ Իհարկե, իմ մարզավիճակը եւ իմ հնարավորություններն ինձ թույլ են տալիս ակնկալել ամենաբարձր տեղը։

Դավիթ դու ծնունդով Կրասնոդարից ես։ Որոշ ժամանակ հանդես էիր գալիս Ռուսաստանի դրոշի ներքո։ Ինչպե՞ս ստացվեց Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվելը։   

Այո, ես երկար ժամանակ եղել եմ Ռուսաստանի հավաքականի կազմում։ Ծնունդով Կրասնոդարից եմ, բայց արմատներս լիովին հայկական եմ։ Ռուսաստանի հավաքականի կազմում ես մեծ հաջողություններ ունեցա այս մարզաձեւում։ Երբ հունահռոմեական ըմբշամարտից տեղափոխվեցի ազատ ոճի ըմբշամարտ,  Վանաձորում մասնակցեցի Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարին։ Այս մրցաշարում զբաղեցրի առաջին տեղը։ Հաղթանակս գրավեց հայ մարզիչների  ուշադրությունը եւ ստացա առաջարկ համալրել Հայաստանի հավաքականի կազմը։

Դավիթ, ի՞նչն է քեզ ոգեշնչում։

Ինձ ամեն ինչը կարող է ոգեշնչել, նույնիսկ, պատահական լսած երաժշտությունը։ Այն, որ մեծ ակնկալիքներ ունեմ այս Օլիմպիական խաղերից, դրա համար երեւի  պետք է շնորհակալ լինեմ օլիմպիական չեմպիոններին, օրինակ՝ Մայքլ Ֆելպսին ։ Նրա ելույթները տեսնելուց իմ առջեւ նպատակ եմ դնում՝ ես էլ իմ հաղթանակով նման հիացմունք պարգեւել Օլիմպիական խաղերին հետեւողներին։ Սա իրական ոգեշնչում է։

Իսկ գորգի վրա ի՞նչն է քո միտքը զբաղեցնում։

Ես սովորաբար փորձում եմ գորգի վրա ինձ տրամադրել միայն գոտեմարտին։ Գորգի վրա, նույնիսկ ցանկության դեպքում չես կարող այլ բանի մասին մտածել։ Մարդկանց հայացնքները պետք է չնկատես։ Խոսքերով հեշտ է ասել, բայց, իրականում, գորգի վրա այդ ամենից խուսափելը բարդ է։ Իրականում ուղեղդ պետք է «անջատես» գորգի վրա։ Ես այդպես եմ անում։ Դա ընդամենը մեկ օր է։ Ամեն ինչ պետք է դնես գոտեմարտի մեջ՝ հոգի, ջանք, ցանկություն, ունակություն, քո հնարավորություններից առավել պետք է տաս գոտեմարտին, որ արդյունքով դուրս գաս։ Ինձ իմ գալիք գոտեմարտում ոչինչ չի անհանգստացնում։ Սա իմ առաջին Խաղերն են։ Ես անելու եմ հնարավորինս, նույնիսկ կձգտեմ անհնարինին։

Ես մեկ անգամ փորձեցի Ռուսաստանի հավաքաքականի կազմում մասնակցել Օլիմպիական խաղերին, բայց չստացվեց։ Այն ժամանակ դեռ շատ երիտասարդ էի։ Հայաստանն ինձ հնարավորություն տվեց մեկնել օլիմպիադա եւ դրա համար ես շատ ուրախ եմ։ Կփորձեմ բոլորի հույսերը արդարացնել։

Ինչո՞վ ես պատրաստվում զբաղվել Խաղերից հետո։ Արդեն ունե՞ս ծրագրեր։

Երեւի կհանգստանամ։ Որոշել եմ ծնողներիս հետ ժամանակս անցկացնեմ։ Քանի որ սիրած աղջիկ չունեմ, պետք է ազատ ժամանակս նվիրեմ ծնողներիս եւ հարազատներիս։ Իհարե, ծնողներս շատ են ցանկանում, որ ես ամուսնանամ։ Անդադար կրկնում են, որ արդեն ժամանակն է։ Բայց նման հարցերով չեմ ուզում զբաղվել։ Ամեն ինչ իր ժամանակն ունի։ Կփորձեմ միայն հանգստանալ, քանի որ, նույնիսկ, սովորական շփումներն եմ կարոտել, այնքան եմ բացակայել տանից, ընկերական միջավայրից։

Եթե մեդալով վերադառնաս՝ ո՞ւմ կվիրես հաղթանակդ։

Ծնողներիս։ Ինչպես նաեւ Հայաստանին։ Եթե հաղթանակ ունենամ, դա կլինի Հայաստանի հաղթանակը։

Զրուցեց Լուսինե Շահբազյանը



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։