Արթուր Վանեցյան. Երկրում իրավիճակ է փոխվել, հայկական ֆուտբոլում էլ է իրավիճակ փոխվել

15:40   22 սեպտեմբերի, 2018

Մի փոքր դուրս գամ ԱԱԾ ղեկավարի իմ պաշտոնից եւ ասեմ, որ երկրում իրավիճակ է փոխվել, հայկական ֆուտբոլում էլ է իրավիճակ փոխվել:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՖՖ նորընտիր նախագահ, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը:

ՀՖՖ նորանշանակ նախագահ Արթուր Վանեցյանը նոր պաշտոնում նշանակվելուց հետո պատասխանեց լրագրողների հարցերին:

Ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչի մասին.

«Ինձ համար անսպասելի է Վարդան Մինասյանի հրաժարականը: Մենք չենք զրուցել, հանդիպել ենք մեկ անգամ: Արդեն նախորդ գիշերվանից մեկնարկել է հավաքականի նոր գլխավոր մարզիչ գտնելու ուղղությամբ աշխատանքները: Կան մի քանի թեկնածուներ, որոնց անունները չեմ կարող նշել: Թեկնածուները եւ դրսից են, եւ ներսից: Առաջիկա 2-3 օրերի ընթացքում կներկայացվի հավաքականի նոր մարզիչի թեկնածությունը: 

Շրջանառվող լուրերը, որ հանդիպել եմ Յուրի Ջորկաեֆի հետ, ճիշտ են: Ես նրան հանդիպել եմ, բայց հանդիպման մասին մանրամասներ հիմա չեմ հայտնի:

Այս շրջանում ընթանում է Ազգերի լիգային նախընտրական փուլը: Առջեւում ունենք Հայաստան - Մակեդոնիա հանդիպում: Կարծում եմ՝ հայկական ֆուտբոլում այս արմատական փոփոխությունները շատ դրական կանդրադառնան ազգային հավաքականի խաղերի վրա:

Ես շատ եմ ուզում, որ մեր հավաքականը Ազգերի լիգայում նախընտրական փուլը հաղթահարի եւ դուրս գա Եվրոպայի առաջնություն: Անելու եմ ամեն ինչ, որ այդպես լինի: Հույս ունեմ, որ մենք ունենալու ենք լուրջ հաջողություններ, մեր ֆուտբոլիստներն անելու են ամեն ինչ, որ այլեւս ազգային հավաքականը պարտություններ չունենա, կամ առնվազն խաղա արժանապատիվ ֆուտբոլ» :

Ռուբեն Հայրապետյանի մասին.

«Գնահատական չեմ տա նախորդ նախագահի աշխատանքներին: Միայն կնշեմ, որ ակնհայտ է դրական տեղաշարժը: Կողմ չեմ նախկինների աշխատանքը գնահատելու հարցով: Այսօր ներկա չէր Ռուբեն Հայրապետյանը եւ տեղյակ չեմ ինչու չի ներկայացել: Մենք որեւէ տարաձայնություն չունենք, դա նրա անձնական որոշումն է ներկա գտնվել, թե ոչ նախագահի ընտրությանը:

ՀՖՖ նախկին նախագահը որոշ անավարտ աշխատանքներ ունի, որոնք ես ավարտին եմ հացնելու: Բայց ես հնարավորություն չունեմ, որ անձնական միջոցներս ներդնեմ, բայց եղած գումարները արդյունավետ օգտագործելու դեպքում շինարարություններն ավարտին կհասցնենք» :

Ազգային հավաքականի կազմի մասին.

«Ազգային հավաքականի ներկայիս կազմի հետ հանդիպում եղել է մեկ անգամ, միասին գնացել ենք մարզման: Տղաների հետ կարճ զրույց եմ ունեցել, այլ հանդիպում չի եղել: Ինչ վերաբերում է հավաքականում ընդգրկվող ֆուտբոլիստների մասով. այս թեման ցանկանում եմ մեկընդմիշտ փակել՝ ես որեւէ կերպ չեմ միջամտելու հավաքականի ֆուտբոլիստների հավաքական հրավիրելու կամ չհրավիրելու հարցում: Լինելու հավաքականի գլխավոր մարզիչ, մարզչական շտաբ, եւ նրանք են որոշելու՝ ով հրավիրվի հավաքական: Եթե մեկ օր տեսնեք ես միջամտում եմ ֆուտբոլիստների ընտրության հարցում, այդ օրը կարող եք ինչ ուզեք ասել ինձ: Ես չեմ միջամտելու, բայց մարզիչներից եւ մարզչական շտաբից պատանջելու եմ արդյունքներ: Եվ էական չէ, ում կհրավիրեն մարզիչները, որ ֆուտբոլիստին, նախկինում ֆեդերացիայից նեղացած, կամ հեռացած ֆուտբոլիստներին: Եթե նրանց որակական հատկանիշները բավարարում են  ֆուտբոլ խաղալու համար, պետք է ընդգրկվեն ազգային հավաքական» :

Պայմանավորված խաղերի մասին.

«Պայմանավորված խաղեր աշխարհի բոլոր երկրներում լինում են: Որեւէ երկրի ֆուտբոլի ֆեդերացիա ապահովագրված չէ պայմանավորված խաղերից: Հաշվի առնելով իմ հիմնական մասնագիտությունը, կարծում եմ, կփորձենք բացառել: Սա չի նշանակում, որ օգտագործվելու է ԱԱԾ-ի ռեսուրսը, այլ ԱԱԾ-ն եթե տեղեկատվություն ստանա, որ լինում են պայմանավորված խաղեր եւ դրա համար նախատեսված է քրեական օրենսգրքով պատիժ, ԱԱԾ-ն իր գործառույթների շրջանակներում իրականացնելու է իրենից պահանջվող աշխատանքները: Առաջիկայում ամեն ինչ պետք է անենք, որ ստեղծվի այնպիսի մթնոլորտ, որ չլինեն պայմանավորված խաղեր, իսկ եթե կլինեն մարդիկ, որոնք կփորձեն նման քայլերի դիմել, կպատժվեն օրենքի ամենայն խստությամբ» :

Բանակի խնդրի մասին.

«Բանակային տարիքի խնդիրը շատ կարեւոր է: Պետք է քննարկումներ, հանդիպումներ ունենանք ՀՀ պաշտպանության նախարարի հետ: Եթե կարողանանք հասնել նրան, որ զինված ուժերում լինի ֆուտբոլի թիմ, շատ լավ կլինի: Սա առաջնային խնդիր է, որ ֆուտբոլիստները զինծառայության գնալով չկտրվեն ֆուտբոլից: Թիմը եւս պետք է պրոֆեսիոնալ հիմքերի վրա դրված լինի, մասնակցի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը, կամ որեւէ առաջնության: Ես ցանկանում եմ նման քայլի դիմել եւ բանակում ֆուտբոլային թիմ ստեղծել»: 

Կադրային ջարդի մասին.

«Կադրային ջարդ ֆեդերացիայի կազմում չի լինելու. կլասիկ իմաստով չի լինելու: Այսինքն՝ այնպես չի լինելու, գնամ մտնեմ գրասենյակ եւ բոլորին ազատեմ աշխատանքից: Յուրաքանչյուր աշխատակից գնահատվելու է իր պրոֆեսիոնալ ունակություններով: Եթե մարդիկ պրոֆեսիոնալ են եւ կարող են աշխատել, շարունակելու են պաշտոնավարել իրենց պաշտոններում» :

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։