ՀՖՖ արտահերթ ժողովն՝ առանց գործող նախագահ Ռուբեն Հայրապետյանի (ֆոտո)

13:22   22 սեպտեմբերի, 2018

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովին (ուղիղ) չի մասնակցում կազմակերպության դեռեւս գործող նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Նա պետք է ելույթ ունենար, սակայն ֆեդերացիայի արտահերթ նիստն ընթանում է առանց Ռուբեն Հայրապետյանի:

Ֆեդերացիայի արտահերթ նիստի օրակարգում նոր նախագահի ընտրությունն է, իսկ միակ թեկնածուն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն է:

Արտահերթ նիստի ՀՖՖ իրավաբանական անձանց 17-րդ գումարման օրակարգում ժողովին մասնակցող պատվիրակները հաստատեցին ՀՖՖ ՀԿ գրանցման պահին ՀՖՖ ԻԱՄ գործունեության դադարեցման մասին դիմումը: Օրակարգում ընդգրկված հարցերը հաստատելուց ժողովին մասնակիցները գնացին ընդմիջման, մինչ կժամաներ Արթուր Վանեցյանը:

Լրագրողների հետ ճեպազրույցում Արթուր Վանեցյանը խուսափեց հարցերին պատասխանելուց, միայն նշեց, որ զեկույց է պատրաստել եւ լրագրողներին խորհուրդ տվեց ուշադիր լինել իր ելույթին, քանի որ կարեւոր զեկույց է նախապատրաստել: ՀՖՖ արտահերթ ժողովին եկել էր մասնակցելու նաեւ Արկադի Անդրեասյանը, ում սակայն ՀՖՖ աշխատակիցները թույլ չէին տվել, քանի որ նա որեւէ կազմակերպությունից գրանցված չի եղել: Երբ ժամանեց Արթուր Վանեցյանը, Արկադի Անդրեասյանը մոտեցավ նրան եւ տեղեկացրեց, որ իրեն թույլ չեն տալիս մասնակցել: Արթուր Վանեցյանն իր աշխատակիցներին զգուշացրեց հետեւողական լինել, որ Արկադի Անդրեասյանը ներս մտնի եւ մասնակցի ժողովին։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։