«Փյունիկի» ռուս պաշտպանը՝ Հայաստանի, Տալալաեւի, Մեսիի մասին

17:12   18 սեպտեմբերի, 2018

Երեւանի «Փյունիկի» ռուսաստանցի պաշտպան Վիտալի Ստեժկոն պատմել է Հայաստանում հարմարվելու, հայկական թիմի ռուս մարզիչ Անդրեյ Տալալաեւի եւ Մեսիի դեմ խաղալու իր ցանկության մասին:

«Մինսկում մասնակցեցի «Փյունիկի» հավաքին եւ արդեն հաջորդ օրը պայմանագիր կնքեցի: Հայ ծանոթներ ունեմ, որոնք գովում էին Երեւանը: Նրանք ճիշտ էին: Ես արդեն տեսել եմ շքեղ Սեւանա լիճը, ԱՊՀ տարածքում միակ հեթանոսական տաճարը Գառնիում, որից մի քանի կիլոմետր այն կողմ անհավանական գեղեցիկ Գեղարդի վանքն է:

«Փյունիկի» մասին քիչ բան գիտեի, բայց ինձ կանչեց Տալալաեւը: Ես փորձաշրջան եմ անցել նրա մոտ «Տամբովում»: Նա գերազանց եւ պահանջկոտ մարզիչ է: Արդեն հարմարվել եմ թիմում: Շատ հայ տղաներ խոսում են ռուսերեն: Եվրագավաթային խաղերին շատ էին երկրպագուները: Շնորհակալություն աջակցության համար: Իսկ առաջնության խաղերին երկրպագուները մի քանի անգամ քիչ են:

Հայաստանում շատ համեղ է սնունդը: Մի անգամ ռեստորանում աղցան պատվիրեց: Երբ բերեցին, մտածեցի, որ սխալվել եմ: Այդ չափաբաժինը մի ամբողջ ընտանիքի կկշտացներ:

Շատ կցանկանայի խաղալ Մեսիի դեմ: Հասկանալի է, որ բարդ կլիներ նրան կասեցնելը, տեսեք, թե ինչպես է նա շրջանցում առաջատար պաշտպաններին»,- Ստեժկոյի խոսքը մեջբերում է sports.ru-ն:

Հիշեցնենք, որ 21-ամյա ֆուտբոլիստը «Փյունիկ» է տեղափոխվել «Կրասնոդարից» վարձակալությամբ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։