Լիտվա․ Հայաստանի լրագրողների թիմը երրորդն է, NEWS.am Sport-ի խմբագիրը՝ մրցաշարի լավագույն խաղացող (ֆոտո)

12:18   17 սեպտեմբերի, 2018

Հայաստանի լրագրողների ֆուտբոլային հավաքականը երրորդ տարին անընդմեջ երրորդ տեղը գրավեց Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում տեղի ունեցած միջազգային մրցաշարում, որն այս տարի անցկացվեց 14-րդ անգամ։

Լիտվայի լրագրողների միության կազմակեպած մրցաշարում հանդես եկան լրագրողական 10 թիմեր Հայաստանից, Լիտվայից (2 թիմ՝ Վիլնյուս, Կաունաս) Լատվիայից, Լեհաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ռուսաստանից, Գերմանիայից եւ Եգիպտոսից:

Մրցաշարը տեղի ունեցավ մեկ օրում եւ յուրաքանչյուր թիմ անցկացրեց 12 րոպե տեւողությամբ 9-ական խաղ՝ մրցելով բոլոր մասնակիցների հետ։ Հայաստանի թիմը տարավ 5 հաղթանակ, կրեց 2 պարտություն եւ 2 հանդիպում ավարտեց ոչ ոքի՝ 17 միավորով գրավելով երրորդ տեղը։ Առաջին տեղը զբաղեցրեց 21 միավոր վաստակած Բելառուսի թիմը, իսկ ռուսները 20 միավորով երկրորդն էին։

Թիմերի միջեւ անցկացված քվեարկության արդյունքում ընտրվեցին մրցաշարի 3 լավագույն խաղացողները, որոնցից մեկը NEWS.am Sport-ի խմբագիր Դավիթ Եղիազարյանն էր:

Մրցաշարի մրցանակաբաշխությունից հետո հայ լրագրողները, ավանդույթի համաձայն, ընթրեցին Դրուսկինինկայում գտնվող «Երեւան» հայկական ռեստորանում, որտեղ ջերմ ընդունելության արժանացան ռեստորանի տնօրեն Մարտին Գասպարյանի կողմից:

Լրագրողները Լիտվա էին մեկնել «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի հովանավորությամբ:

Մարզումների համար լրագրողների թիմին խաղադաշտ էր տրամադրել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։