Գորան Պանդեւը՝ Հայաստանի նկատմամբ հաղթանակի մասին. Համաձայն եմ, որ չցուցադրեցինք բարձրակարգ ու գեղեցիկ ֆուտբոլ

09:05   10 սեպտեմբերի, 2018

Ֆուտբոլի Մակեդոնիայի հավաքականի եւ իտալական «Ջենոայի» հարձակվող Գորան Պանդեւը  մեկնաբանել է Ազգերի լիգայի երկրորդ տուրի տնային խաղում Հայաստանի թիմի նկատմամբ հաղթանակը 2:0 հաշվով:

«Գլխավորը մեր նպատակին հասնելն էր: 2 խաղում 2 հաղթանակը, իրոք, լավ արդյունք է: Կարեւոր է, որ դրական արդյունքի հասանք առաջին տեղի համար պայքարում մեր գլխավոր մրցակից Հայաստանի հավաքականի դեմ խաղում: Դա կարող է մեծ դերակատարում ունենալ վերջնական արդյունքի վրա: Համաձայն եմ, որ չցուցադրեցինք բարձր մակարդակի ու գեղեցիկ ֆուտբոլ, սակայն գլխավորը հաղթանակն էր: Նախկինում եղել է, որ անցկացրել ենք լավ հանդիպումներ, սակայն պարտվել ենք: Ամեն դեպքում, այսպես ավելի լավ է, քանի որ հիշվում է խաղի արդյունքը»,- 35-ամյա Պանդեւի խոսքը մեջբերում է ekipa.mk-ը:

Հանդիպումից հետո Մակեդոնիայի հավաքականի ավագը նաեւ գրառում է կատարել Instagram-ում եւ տեղադրել լուսանկար:

«Բրավո, տղաներ: Շնորհակալություն բոլորին, ովքեր եկել էին մեզ աջակցելու: Այդ թիմն արժանի է դրան: Կհանդիպենք հաջորդ ամիս, Մակեդոնիա»,- գրել է մակեդոնական ֆուտբոլի գլխավոր աստղը:

Հիշեցնենք, որ Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեի «Ֆիլիպ Երկրորդ» ստադիոնում կայացած խաղում Գորան Պանդեւը դարձել էր գոլի հեղինակ ու վաստակել 11 մետրանոց հարված:

Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականը հաջորդ 2 խաղերը կանցկացնի տանը: Հոկտեմբերի 13-ին մրցակիցը կլինի Ջիբրալթարի հավաքականը, իսկ այդ խաղից 3 օր անց տեղի կունենա մակեդոնացիների դեմ պատասխան հանդիպումը:

Առաջին տուրում Հայաստանի հավաքականը Երեւանում 2:1 հաշվով հաղթել էր Լիխտենշտեյնին, իսկ մակեդոնացիները 2:0 հաշվով արտագնա հաղթանակ էին տարել Ջիբրալթարի նկատմամբ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։