Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Մակեդոնիային (ֆոտոշարք)

21:53   9 սեպտեմբերի, 2018

Ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց Մակեդոնիայի թիմին:

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեի «Ֆիլիպ Երկրորդ» ստադիոնում կայացած հանդիպման սկզբնամասն անցնում էր հավասար պայքարում ու առանց գոլային պահերի, իսկ Հայաստանի թիմը խաղում էր երկրորդ համարով:

Լիխտենշտեյնի դեմ նախորդ խաղի համեմատ, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնարկային կազմում կատարել էր 4 փոփոխություն՝ փոխելով նաեւ խաղային սխեման (4-2-3-1):

13-րդ րոպեին մակեդոնացիները ստացան կասկածելի 11 մետրանոց հարվածի իրավունք: Իտալական «Ջենոայի» հարձակվող Գորան Պանդեւը Հայաստանի հավաքականի պաշտպան Անդրե Կալիսիրի հետ պայքարում ընկավ թեթեւ հպումից հետո, իսկ հանդիպման ավստրիացի գլխավոր մրցավար Մանուել Շյուտենգբուրգերը նշանակեց 11 մետրանոց: Հարվածն անվրեպ իրացրեց անգլիական «Լիդսի» կիսապաշտպան Էզգիան Ալիոսկին՝ բացելով խաղի հաշիվը:

Քիչ անց Հայաստանի հավաքականն ունեցավ առաջին գոլային պահը, սակայն «Գանձասար-Կապանի» պաշտպան Հայկ Իշխանյանի հարվածը բարձր ստացվեց: 22-րդ րոպեին լավ հնարավորություն կորցրեց Կառլեն Մկրտչյանը, որը Սարգիս Ադամյանի հետ պատ խաղարկելուց հետո բաց թողեց գնդակը, այլապես մեն-մենակ դուրս կգար դարպասապահի դեմ: Խաղակեսի միջնամասում մակեդոնացիներն ավելի շատ էին լինում գնդակով, բայց գոլային պահեր ստեղծել չէր հաջողվում: Հայաստանի հավաքականի գրոհները եւս չէին ստացվում առաջին խաղակեսում եւ թիմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի ժամանակ:

Հայաստանի հավաքականն ակտիվ սկսեց երկրորդ խաղակեսը եւ սկզբնամասում կարող էր հավասարեցնել հաշիվը, բայց կորցրեց իրական գոլային պահ: Հյուրերի հակագրոհի ժամանակ Մակեդոնիայի հավաքականի պաշտպանը կոպիտ սխալ թույլ տվեց եւ գնդակը հայտնվեց Հովհաննես Համբարձումյանի մոտ, որը փորձից փոխանցում կատարել ազատ դարպասի դիմաց հայտնված Տիգրան Բարսեղյանին, որի ուղղությամբ փոխանցումը մի փոքր ուժեղ ստացվեց:

Երկրորդ խաղակեսում հայկական թիմը կարծես վերգտել էր իր խաղը, սակայն 59-րդ րոպեին գնդակը երկրորդ անգամ հայտնվեց Արամ Հայրապետյանի պաշտպանած դարպասում: Մակեդոնիայի հավաքականի առավելությունը կրկնապատկեց Գորան Պանդեւը:

71-րդ րոպեին վտանգավոր հարված կատարեց Գեւորգ Ղազարյանը, որի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: Խաղի վերջնամասում Հայաստանի հավաքականը փորձում էր ակտիվություն դրսեւորել, ավելի շատ էր լինում գնդակով, ինչն արդյունավետ չեղավ՝ 2:0:

Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականը հաջորդ 2 խաղերը կանցկացնի տանը: Հոկտեմբերի 13-ին մրցակիցը կլինի Ջիբրալթարի հավաքականը, իսկ այդ խաղից 3 օր անց տեղի կունենա մակեդոնացիների դեմ պատասխան հանդիպումը:

Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի հավաքականը Երեւանում 2:1 հաշվով հաղթել էր Լիխտենշտեյնին, իսկ մակեդոնացիները 2:0 հաշվով արտագնա հաղթանակ էին տարել Ջիբրալթարի նկատմամբ:

Ազգերի լիգայի 4 դիվիզիոնների հաղթողները նվաճելու են 2020թ. Եվրոպայի առաջնության ուղեգիր: Խմբային փուլից հետո թիմերը պայքարը կշարունակեն փլեյ-օֆֆում:

Ազգերի լիգա, երկրորդ տուր

C դիվիզիոն

Չորրորդ խումբ

Մակեդոնիա – Հայաստան՝ 2:0

Էզգիան Ալիոսկի, 13 (11մ), Գորան Պանդեւ, 59

Հայաստան. Արամ Հայրապետյան, Հովհաննես Համբարձումյան, Անդրե Կալիսիր, Վարազդատ Հարոյան, Հայկ Իշխանյան, Կառլեն Մկրտչյան, Գոռ Մալաքյան (Արաս Օզբիլիս, 68), Գեւորգ Ղազարյան, Սարգիս Ադամյան (Մարկոս Պիզելի, 46), Հենրիխ Մխիթարյան, Տիգրան Բարսեղյան (Արթուր Սարկիսով, 77):

Մակեդոնիա. Ստոլե Դիմիտրիեւսկի («Խիմնաստիկ», Իսպանիա), Ստեֆան Ռիստովսկի («Սպորտինգ», Պորտուգալիա), Վիսար Մուսլիու («Շկենդիյա»), Էգզոն Բեյտուլայի («Շկենդիյա»), Կիրե Ռիստեւսկի («Վաշաշ», Հունգարիա), Էնիս Բարդի («Լեւանտե», Իսպանիա), Ստեֆան Սպիրովսկի («Ֆերենցվարոշ», Հունգարիա), Էլիֆ Էլմաս («Ֆեներբահչե», Թուրքիա), Էզգիան Ալիոսկի («Լիդս», Անգլիա), Ալեքսանդր Տրայկովսկի («Պալերմո», Իտալիա), Գորան Պանդեւ («Ջենոա», Իտալիա):

Ֆոտո՝ Ekipa.mk



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։