Միհրան Հարությունյանը չի մասնակցի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը

20:16   25 օգոստոսի, 2018

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը չի մասնակցի Բուդապեշտում հոկտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանը: Այդ մասին 29-ամյա մարզիկը հայտնել է սոցցանցերում:

«Օգոստոսի 9-ին հանդիպում եմ ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ: Քննարկեցինք մեր ծրագրերն օլիպիական փուլում: Ցավոք, չեմ կարող մասնակցել Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնությանը, քանի որ հայտացուցակն արդեն լրացված է: 2019 թվականին կձգտենք առաջին փորձից ստանալ Օլիմպիական խաղերի լիցենզիա, եթե, իհարկե, չխանգարեն մեզ: Օլիմպիական կոմիտեի ղեկավարի կողմից աջակցություն ստացել եմ, եւ դա առաջին կարեւոր քայլն է մրցագորգ վերադառնալու հարցում»,- գրել է Միհրան Հարությունյանը:

Հիշեցնենք, որ այս շրջանում Միհրանը պատրաստվում է խառը մենամարտերում (MMA) իր երկրորդ մենամարտին, որը կայանալու է հոկտեմբերին: Նա MMA-ում նորամուտը նշել էր այս տարվա մայիսին՝ Ռոստովում կայացած մրցաշարում հաղթելով իրանցի Ալի Յուսեֆիին:

Հիշեցնենք, որ Հարությունյանն ըմբշամարտի մրցագորգից բացակայում է Օլիմպիական խաղերից հետո: Ռիո-2016-ում նա հանդես էր եկել ուսի վնասվածքով, իսկ եզրափակիչում խայտառակ կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել է սերբ Դավոր Շտեֆանեկին։ Դրանից հետո հայ ըմբիշը մի քանի վիրահատության է ենթարկվել Գերմանիայում, Լեհաստանում եւ Մոսկվայում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։