Ռոնալդուն նշել է կարիերայի լավագույն գոլը

09:10   23 օգոստոսի, 2018

Թուրինի «Յուվենտուսի» նորեկ Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, որ կարիերայի լավագույն գոլն է համարում իր այժմյան ակումբի դարպասը խփած գոլը Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշարի քառորդ եզրափակիչում: Նախորդ մրցաշրջանում պորտուգալացի հարձակվողը հանդես էր գալիս Մադրիդի «Ռեալի» կազմում, իսկ «Յուվենտուսի» դարպասը Թուրինում գրավել էր շրջադարձ հարվածով:

«Յուվենտուսի» դարպասը խփած գոլն իմ կարիերայում լավագույնն է այս պահին: Երբ մրցակցի երկրպագուները սկսեցին ծափահարել ինձ, ես զարմացա: Նման բան երբեք չէր եղել իմ կյանքում. դա անհավանական պահ էր»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է DAZN Italia-ն:

33-ամյա ֆուտբոլիստը նաեւ նշել է, որ իր տեղափոխությունը «Յուվենտուս» կապում է ճակատագրի հետ:

«Կյանքում կան այնպիսի բաներ, որոնք տեղի են ունենում ճակատագրի բերումով: Իմ տեղափոխությունը «Ռեալից» «Յուվենտուս» կապված է դրա հետ»,- ասել է Պորտուգալիայի հավաքականի ավագը:

Հիշեցնենք, որ այս ամռանը «Ռեալից» Իտալիա տեղափոխված պորտուգալացի հարձակվողը «Յուվենտուսի» հետ կնքել է 4 տարվա պայմանագիր, իսկ նրա տրանսֆերը կազմել է 112 միլիոն եվրո: Ռոնալդուն Արքայական ակումբում հանդես է եկել 2009-2018-ը՝ անցկացրած 438 խաղում դառնալով 450 գոլի եւ 131 գոլային փոխանցման հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։