Լեւ Սարգսյանը եւ Վլադիմիր Հարությունյանը՝ բարդ պայմանների ու Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի մասին (ֆոտո)

14:11   17 օգոստոսի, 2018

Ջրացատկի Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճած Վլադիմիր Հարությունյանը եւ Լեւ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեցին Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում կայացած մրցումը: 10 մետր սինքրոն աշտարակացատկ մրցաձեւում Հայաստանի զույգը նվաճել էր բրոնզե մեդալ՝ զիջելով միայն Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներին։ 

Լեւ Սարգսյան. «Լողով սկսել եմ զբաղվել ծնողներիս ցանկությամբ, բայց առաջին մարզումից հետո ինձ հետ մարզվող երեխաներին համոզում էի ցատկել աշտարակից: 2012 թվականին ինձ առաջարկեցին հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո եւ ես սիրով համաձայնեցի՝ տեղափոխվելով Հայաստան: Ուրախ եմ, որ այս մարզաձեւն եմ ընտրել, արդյունքը մեր հաջողությունն է: Ուրախ եմ նաեւ, որ մենք հասանք մեր նպատակին, լավ մասնակցություն ցուցաբերեցինք եւ կարողացանք մեդալ նվաճել մեր երկրի համար:

Մեծ աշխատանք էինք կատարել, մենք բոլորս հասկանում ենք, թե ինչ պայմաններում ենք մարզվում, ինչպես ենք աշխատում, բայց բոլորիս համար կարեւորն արդյունքն էր: Ես եւ Վլադիմիրը մի փոքր անհամատեղելի զզույգ ենք, քանի որ մեր ֆիզիկական տվյալները տարբեր են: Նրա ցատկը տարբերվում է իմ ցատկից, բայց մենք միասնական աշխատանքի շնորհիվ ապացուցեցինք, որ Հայաստանում ջրային մարզաձեւերը մեռած չեն: Սա թիմային աշխատանքի արդյունք էր:

Բրոնզե մեդալը ֆուրոր էր ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ եվրոպական հանրության համար, քանի որ երկար տարիներ Հայաստանը մեդալ չէր նվաճել ջրացատկում:

Ինչ վերաբերում է անհատական պայքարին, այստեղ լավ հանդես չեկա: 7-րդ տեղը կարծես հետապնդում է ինձ, բայց ես հանգիստ կարող էի երրորդ տեղ զբաղեցնել: Ճակատագրական է 7 թիվն ինձ համար: 2 տարի առաջ ես դադար էի վերցրել եւ այդ դադարը, կարծես, իր ազդեցությունը ունեցել է, ես դեռ դժվարությամբ եմ վերականգնվում»,- ասաց Լեւ Սարգսյանը:

Վլադիմիր Հարությունյան. «Լողով սկսել եմ զբաղվել 3 տարեկանից, մարզիչը նկատել է եւ ինձ ներառել է ջրացատկի մարզումներին: Աստիճանաբար արդյունքներ եղան: Երբ հասկացա, որ կարող եմ ավելիին հասնել, սկսեցի ավելի լուրջ մարզվել:

Մեզ համար շատ դժվար է մարզվել մեր ունեցած պայմաններում: Մեր մարզիչը մեր առջեւ խնդիր էր դրել, մեզ հավատացրել էր, որ ինչու ոչ՝ կարող ենք նաեւ մեդալ նվաճել: Դժվար է բարձր արդյունքների հասնել պայմանների բացակայության դեպքում: Բայց այս անգամ մեզ մոտ ստացվեց: Կփորձենք մեր արդյունքները բարելավել:

Այնտեղ մեզ հարցնում էին, հետաքրքրվում, թե որտեղ եւ ինչ պայմաններում ենք մարզվում: Չենք  բացահայտում, թե ինչ լողավազանում ենք մարզվում: Պետք չէ, որ իմանան»,- նշեց Վլադիմիր Հարությունյանը:

Նույն ասուլիսում ջրացատկի Եվրոպայի առաջնությունն ամփոփել էր նաեւ ջրացատկի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։