Ռաֆայել Մեհրաբյան. ՀԲՖ նախագահի ընտրություններն անօրինական են եղել

21:03   16 օգոստոսի, 2018

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրություններն անօրինական են եղել: Իսկ Արթուր Գեւորգյանից բացի մեկ այլ թեկնածուի հայտ ներկայացվելը խոչընդոտվել է ֆեդերացիայի կողմից, այդ պատճառով միակ թեկնածուն գործող նախագահն է եղել: Մենք ցանկանում ենք նոր օրինական ֆեդերացիա հիմնել, որտեղ ամեն ինչ կլինի արդար:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի կանանց Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը, որն այս շրջանում հայկական բռնցքամարտի մարզչական շտաբից հեռացված է մարզչական ոչ պատշաճ դրսեւորման պատճառով:

Արդեն տեւական ժամանակ Ռաֆայել Մեհրաբյանի եւ բռնցքամարտի ֆեդերացիայի «ջրերը մեկ առվով չեն հոսում»: ՀԲՖ նիստերի ժամանակ ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը կտրուկ եւ հստակ դիրքորոշում է արտահայտում Ռաֆայել Մեհրաբյանի, ինչպես նաեւ նրան համախոհ մի քանի մարզիչների մասին, որոնք, ըստ Արթուր Գեւորգյանի խաթարում են ֆեդերացիայի բնականոն աշխատանքը եւ խոչընդոտում երիտասարդ մասնագետների մուտքը բռնցքամարտ:

Օգոստոսի 2-ին կայացած ՀԲՖ-ի հերթական նիստում Արթուր Գեւորգյանը վերընտրվեց նախագահի պաշտոնում, որին հաջորդեց նոր ֆեդերացիա ստեղծելու նախաձեռնությամբ Ռաֆայել Մեհրաբյանի եւ մի շարք այլ ավագ սերնդի մարզիչների հանդիպումը ՀԱՕԿ նախագահի հետ: Հանդիպման ընթացքում Գագիկ Ծառուկյանը խոստացել է ֆեդերացիայի նիստն ուսումնասիրելուց եւ համոզվելուց հետո, որ այն անօրինական է անցել, նոր ֆեդերացիա հիմնել՝ չընդունելով գործող ֆեդերացիան:

Պարոն Մեհրաբյան, ինչո՞ւ է բռնցքամարտի աշխարհը բաժանվել երկու մասին:

Ես եւ մի շարք վաստակաշատ մարզիչներ, ովքեր մեծ ավանդ ունեն հայկական բռնցքամարտում, չենք ընդունում ֆեդերացիայի վերջին նիստում կայացած ընտրության արդյունքները: Մենք պարբերաբար մեր դժգոհությունն ենք արտահայտում այս կամ այն հարցի շուրջ, բայց դա որեւէ կերպ չի լսվում, չի քննարկվում եւ չի ընդունվում ոչ ֆեդերացիայի եւ ոչ ֆեդերացիայի նախագահի կողմից: Մեզ համար այս ընտրություններն անօրինական են, բազմաթիվ խախտումներով ընթացան, այնպիսի մարդիկ քվեարկեցին եւ 58 ձայն ապահովեցին, որոնց մեծ մասին մենք առաջին անգամ էինք տեսնում: Քանի որ մեր դժգոհությունը որեւէ մեկը չի լսում, դիմեցինք ՀԱՕԿ նախագահին, ներկայացրեցինք դրությունը, ինքս էլ առաջարկ արեցի բացել նոր ֆեդերացիա, բոլորովին նոր օրինական ֆեդերացիա, որը կճանաչվի ԱԻԲԱ-ի կողմից եւ կաշխատի արդար:

Նշեցիք, որ խախտումներով է անցել ընտրությունը: Որո՞նք են դրանք:

Նախ այն, որ նիստին ներկա եւ քվեարկելու իրավունք ունեցող անձանց 70 տոկոսին ես չէի ճանաչում: Այնպիսի մարդիկ էին հավաքված նիստին, ովքեր միանշանակ կողմ էին քվեարկելու Արթուր Գեւորգյանին: Քվեարկությունն անցել է բաց, բայց օրենքով այն պետք է լիներ դռնփակ՝ փակ, գաղտնի քվեարկություն: Այդ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեն բոլոր մարզադպրոցները: Սովորաբար, ֆեդերացիան նամակ է ուղարկում, թե որ դպրոցից քանի ներկայացուցիչ է պետք: Իսկ այս անգամ ֆեդերացիան անուն-ազգանուններով էր նամակներն ուղարկել՝ ով պետք է ներկա գտնվի այդ նիստին, ով ոչ: Այսինքն՝ իրենք նիստին հրավիրել են այն մարդկանց, ովքեր իրենց պետք է ձայն տային: Եւս մի քանի խախտում եմ արձանագրել՝ ֆեդերացիայի ընտրությունը տեւեց ընդամենը 11 վայրկյան՝  միայն քվեարվեց, հայտարարեցին 58 ձայն ու վերջ. քանի դեմ կար, քանի ձեռնպահ կար... Այս ամենը օրենքի խախտում է:

Ո՞րն է Ձեր խնդիրը գործող ֆեդերացիայի հետ:

Արթուր Գեւորգյանի հետ ես որեւէ անձնական խնդիր չունեմ: Նա ինձ շատ է օգնել, ես իրեն եմ օգնել, երկու անգամ իրեն Օլիմպիական խաղեր եմ տարել: Մեր հարաբերությունները շատ լավ են: Բայց կա մի պատմություն, որը սեւացնում է այդ հարաբերությունները. Մի աղջիկ կար, ով իմ դեմ բողոքել էր, թե իբր ես իրեն հարվածել եմ: Հետո ապացուցվել էր, որ ես նրան չեմ ապտակել, այլ խիստ եմ խոսել հետը: Այդ բողոքից հետո Արթուր Գեւորգյանը որոշեց, որ ես պետք է ավարտեմ իմ մարզչական կարիերան: Ես նրան դեռ այդ ժամանակ ասացի, որ իմ կարիերան դեռ չի ավարտվել, այլ ես հետ եմ գալու ներկայիս ֆեդերացիայի ղեկավարությունից հետո:

Ինչպե՞ս եք պատկերացնում նոր ֆեդերացիան. ԱԻԲԱ-ն ճանաչում է գործող ֆեդերացիան:

Շատ լավ ենք պատկերացնում: Նոր ֆեդերացիայում ամեն ինչ լինելու է օրինական: Մենք ունեինք ֆեդերացիայի նախագահի թեկնածու: Այն նույն թեկնածուն է, ում մասին Արթուր Գեւորգյանը խոսում էր: Մեր թեկնածուին ուղղակի հնարավորություն չտվեցին իր թեկնածությունը դնի, ֆեդերացիան ամեն ինչ արեց, որ խոչընդոտի այդ տղային հայտ ներկայացնելու համար: Ֆեդերացիայի ընտրության օրը 10-15 օր առաջ է նշանակվում. Մեզ 3 օր առաջ ասացին, որ 3 օրից ընտրությունն է: Իսկ մեր թեկնածուն Ուկրաինայում էր այդ ժամանակ: Քաղաքացիություն ստանալու խնդիր էլ չկար, շատ արագ կաներ: 3 օր առաջ հայտարարվեց ֆեդերացիայի նիստի մասին, իսկ մեր տղան ինքն էլ Գագիկ Ծառուկյանին հայտնեց, որ ֆիզիկապես չի հասցրել իր հայտը ներկայացնի, բայց պատրաստ է մեծ գումարներ ներդնել բռնցքամարտում:

Բոլոր վաստակավոր մարզիչները կողմ են, որ նոր ֆեդերացիա ստեղծվի, կամ նորից ֆեդերացիայի նիստ եւ նախագահի ընտրություն անցկացվի: Թող Արթուր Գեւորգյանի հետ նաեւ մեր թեկնածուն իր թեկնածությունը դնի, թող բոլոր մարզադպրոցները մասնակցեն այս ընտրությանը, թող փակ քվեարկություն լինի՝ առանց խախտումների: Գուցե հենց Արթուր Գեւորգյանն էլ հաղթի, գուցե նորից նա շատ ձայն հավաքի: Բայց թող արդար լինի, նախապես ընտրողների ցուցակ չկազմվի: Կամ էլ՝ բոլորովին նոր ֆեդերացիա հիմնվի, որտեղ կլինեն բոլոր այն վաստակաշատ մարզիչները, ովքեր տարիներ շարունակ Եվրոպայի, աշխարհի, Օլիմպիական խաղերի մրցանակակիրներ են տվել:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.