Բուդապեշտում քննարկվել է հայ մարզիկների մասնակցության հարցը Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

11:30   16 օգոստոսի, 2018

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանը Բուդապեշտում Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի ղեկավարի հետ քննարկել է Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի մասնակցության հարցը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

«Օգոստոսի 10-13-ը, Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վիզերի հրավերով Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ էին Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանը եւ գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանը: 

Հանդիպման ընթացքում քննարկվեց առաջիկա աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի մասնակցության հարցը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն կայանալու է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար ամենաբարձր վարկանիշային միավոր տվող այս առաջնությանը շատ կարեւոր է մասնակցել, սակայն, միայն պետական մակարդակով Ադրբեջանի կողմից գրավոր անվտանգության ապահովման երաշխիքներ ստանալուց հետո: Ահա այս դիրքորոշումը ներկայացվեց ՁՄՖ նախագահին: Պարոն Մ. Վիզերը խոստացավ անձամբ զբաղվել այս հարցով: 

Քննարկվեցին նաեւ Հայաստանում ձյուդոյի հետագա մասսայականացման հետ կապված հարցեր.
ՁՄՖ նախագահն առաջարկեց Կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ եւ աջակցությամբ, մի քանի դպրոցներում ձյուդոյի փորձնական դասաժամեր անցկացնել: Այս հարցում կօգնի Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան՝ ֆինասավորելով մարզիչների աշխատավարձը եւ տրամադրելով տատամիներ ու կիմոնո: Եթե այս փորձը հավանության արժանանա եւ աշակերտները սիրով մասնակցեն մարզումներին, ապա կարելի է մտածել դրանք մշտական դարձնելու մասին: Ինչպես նաեւ մարզիչները կարող են վերապատրաստվել միջազգային ֆեդերացիայի կողմից կազմակերպվող մարզչական եւ մրցավարական դասընթացներում՝ ստանալով միջազգային կարգի մարզչի հավաստագիր, ինչպես արդեն նման հավաստագրեր ունեն 3 մարզիչներ:

Հանդիպման ավարտին Վարդան Ոսկանյանը ՁՄՖ նախագահ Մարիուս Վիզերին շնորհակալագիր հանձնեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից՝ հայկական ձյուդոյին մշտական աջակցություն եւ ուշադրություն ցուցաբերելու համար: Շնորհակալագրեր հանձնվեցին նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի եւ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի կողմից՝ Հայաստանում ձյուդոյի զարգացման եւ մասսայականացման գործում ունեցած մեծ ավանդի համար»,- նշված է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի հաղորդագրությունում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։